ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի կոնգրեսականներն առաջ են քաշել 2021 թվականի Ազգային պաշտպանության համար հատկացումների օրինագծում (2021 FY National Defense Authorization Act (H.R. 6395) օրենսդրական երկու փոփոխությունների նախագծեր: Դրանք վերաբերվում են ԱՄՆ-ի կողմից «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի 333-րդ կետով Ադրբեջանին տրամադրվող մոտ 120 միլիոն դոլար ռազմական օգնությանը:
Կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է համար 66 փոփոխությունը, որով օրինագծի շրջանակում Ադրբեջանի համար նախատեսվող ռազմական օգնությունը չպետք է տրամադրվի քանի դեռ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին չհավաստիացնի, որ այդ միջոցները չեն սպառնում քաղաքացիական ավիացիային: Հայկական հանձնախմբի մեկ այլ կոնգրեսական՝ համանախագահ Ֆրենք Փալոնն էլ առաջարկում է համար 397 փոփոխությունը, որը կպարտադրի ԱՄՆ պաշտպանության նախարարությանն առանձին զեկույց ներկայացնել «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի 333-րդ կետով տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության մասին:
՛՛Անհրաժեշտ է արձանագրել օգնություն ստացող երկրի մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված վիճակը: Եթե որևէ երկիր խախտում է մարդու իրավունքները, ինչպես օրինակ Ադրբեջանը, ապա չպետք է ստանա 333-րդ կետով նախատեսվող ֆինանսավորումը՛՛,- ասում է կոնգրեսական Փալոնը:
Դեռևս մայիսին հայկական հանձնախմբի անդամները բողոքի նամակ էին հղել ԱՄՆ պետքարտուղարին ու պաշտպանության նախարարին Ադրբեջանի օգնության կապակցությամբ՝ նշելով, որ այն խախտում է տարիներ շարունակ հաստատված ռազմական օգնության տրամադրման համաչափությունը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մերի Էլիզաբեթ Թեյլորը պատասխան նամակում, ընդգծելով Վաշինգտոնի համար Բաքվի և Երևանի հետ գործընկերության ամրապնդման կարևորությունը, շեշտել էր, որ Պենտագոնի ռազմական ծրագրերն Ադրբեջանի հետ բխում են ԱՄՆ-ի, Ադրբեջանի և տարածաշրջանի շահերից և նպաստում ահաբեկչության, թմրամիջոցների շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելմանը: Պետքարտուղարի տեղակալը վստահեցրել է, որ ծրագիրը չի իրականացվում ՀՀ ու Ադրբեջանի սահմանային գոտում, չի նպաստում Ադրբեջանի հարձակողական հնարավորությունների ուժեղացմանը և չի սպառնում Հայաստանին: Այս գնահատականի հետ, սակայն, համակարծիք չեն հայկական հանձնախմբի կոնգրեսականները:
՛՛Եթե նույնիսկ փորձենք պատկերացնել, որ այն չի օգտագործվի հարձակողական նպատակներով, ապա այսպիսով Ադրբեջանը հնարավորություն է ստանում նույնչափ սեփական գումար հատկացնել, օրինակ, Թուրքիայից կամ այլ երկրից հարձակողական զենք գնելու համար՛՛,- ասել է կոնգրեսական Ֆրենք Փալոնը:
Ազգային պաշտպանության համար հատկացումների օրինագծի շուրջ քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում նախատեսված է գալիք երկուշաբթի: Պաշտպանության ոլորտի կարևոր այս փաստաթուղթը առնչվում է հաջորդ տարվա Պենտագոնի ծրագրերի և հատկացումների հետ կապված հարցերին: