Արդյո՞ք ‘’Մոդերնա’’-ն աշխարհին կտա թեթեւացած շունչ քաշելու հնարավորություն

Կովիդ 19 հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումներն ԱՄՆ-ում ցույց են տվել հուսադրիչ արդյունք: Այն կիրառվելու դեպքում փոփոխվում է մարդու իմունային համակարգն այնպես, ինչպես գիտնականներն էին կանխատեսում:

ԱՄՆ-ի կառավարության գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին ողջունել է գրանցված հաջողությունը: Խոսքն այն պատվաստանյութի մասին է, որը ստացել են ԱՄՆ-ի Առողջապահության ազգային հաստատության եւ Նուբար Աֆեյանի ղեկավարած ‘’Մոդերնա’’ ընկերության գիտնականները: Պատվաստանյութը փորձարկման իր ամենակարեւոր փուլը սկսելու է հուլիսի 27-ին: Այն փորձելու են

30 հազար անձանց մասնակցությամբ, որը վերջնականապես կտա պատասխան, թե արդյոք այս պատվաստանյութն ունի կորոնավիրուսից մարդկանց պաշտպանելու կարողություն:

Նախապես 45 կամավորների մասնակցությամբ մարտ ամսից իրականացված փորձերը ցույց են տվել, որ նրանց արյան մեջ զարգանում են չեզոքացնող հակամարմիններ` մոլեկուլներ, որոնք արգելափակում են վարակը մինչեւ այն մակարդակը, որը ցույց են տալիս կովիդ 19-ով հիվանդացած, ապա` ապաքինված անձինք:

Կարեւոր հանգամանքներից մեկը. Պատվաստանյութի փորձերի ժամանակ կամավոր կերպով մասնակցած անձանց մոտ չեն գրանցվել լուրջ կողմնային երեւույթներ: Սակայն նրանց կեսից ավելիի մոտ սրսկումը ստանալուց հետո ի հայտ են եկել գրիպի ախտանիշներ: Դա, ասում են բժիշկները, սովորական երեւույթ է նման պատվաստանյութերի կիրառման դեպքում: Այն կարող է նաեւ առաջ բերել ընդհանուր թուլություն, գլխացավ, սարսուռ, բարձր ջերմություն ու հոդացավ:

Այն երեք կամավորները, որոնք համաձայնվել էին ստանալ պատվաստանյութի ամենաբարձր չափաբաժինը, զգացել են ավելի նկատելի կողմնային ազդեցություններ:

Այսինքն` կարելի է ասել, որ պատվաստանյութն ընդունելու դեպքում մարդկանց մոտ առաջ են գալիս կորոնավիրուսի ախտանիշներ, սակայն դրանք կրում են ժամանակավոր բնույթ: Տեւում են մոտ մեկ օր եւ սկսվում են պատվաստանյութի ներարկումից անմիջապես հետո:

Ինչպես Վանդերբիլթի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետներից Ուիլյամ Շաֆներն է ասում, ‘’կատարվել է առաջին լավ քայլը’’: Սակայն համաճարակաբանի խոսքերով, դեռեւս վստահաբար չի կարելի ասել, որ հետագայում սպասվելիք մյուս պատվաստանյութերը կունենան լիովին կանխող հատկություն:

Ի դեպ, փորձերի այս փուլում դեռեւս մասնակցել են միայն երիտասարդ չափահաս անձինք: Ավելի ուշ սկսված փորձարկումների հաջորդ փուլում ընդգրկվել են ավելի տարեցները, նրանք, որոնց ամենաշատն է սպառնում կորոնավիրուսը: Ինչպես ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբան Ֆաուչին է ասում, վերջնական արդյունքները լինելու են հենված ավելի մեծ տարիք ունեցող եւ քրոնիկական այլ հիվանդություններ կրող անձանցից ստացված պատասխանների վրա: Առանձնացվելու են նաեւ սեւամորթ ու լատինամերիկյան ծագումով անձանց տվյալները, քանի որ մինչ այժմ նրանց մոտ գրանցվել է վարակվածության ավելի բարձր ցուցանիշ:

Այս պահին աշխարհի մի քանի երկրներում իրականացվող մոտ երկու տասնյակի հասնող փորձերը գտնվում են տարբեր փուլերում:

Աշխարհում հարյուր միլիոնավոր դոլարներ են այս օրերին ներդրվում փորձերի իրականացման համար, պարզելու համար, թե երբ աշխարհը թեթեւացած շունչ կքաշի եւ թե որ ընկերությունն աշխարհին կտա այդ շունչը քաշելու առաջին հնարավորությունը: