Նյու Հեմփշիրում սոցիալական հեռավորության պահպանման նպատակով լեռան գագաթին ավարտական միջոցառման անցկացումը համավարակի ընթացքում ԱՄՆ-ի դպրոցների յուրօրինակ նախաձեռնություններից միայն մեկն է: Սակայն անկախ հանգամանքներից` ԱՄՆ-ում դպրոցները կարող են շուտով վերաբացվել: Նախագահ Թրամփը պահանջում է, որ դպրոցները ժամանակին վերաբացվեն օգոստոս կամ սեպտեմբեր ամիսներին:
"Մենք ճնշում ենք կիրառելու նահանգապետերի և մյուսների վրա, որպեսզի դպրոցները վերաբացվեն",- ասել է նա:
Դպրոցները տնտեսության վերաբացման շուրջ նախագահի ծրագրի մի մասն են, քանի որ երեխաների վերադարձը դպրոց ծնողներին թույլ կտա վերադառնալ աշխատանքի:
Նախքան ամառային արձակուրդը կարանտինի պայմաններում առցանց ուսուցմանն է մասնակցել ԱՄՆ-ի մոտ 50 մլն աշակերտ:
ԱՄՆ-ի Մանկաբույժների ակադեմիան քաջալերում է երեխաների վերադարձը դպրոց` որոշ սահմանափակումներով: Խորհուրդ, որի հետ համամիտ են նաև վարակիչ հիվանդությունների մասնագետները:
"Մեզնից շատերը կարծում են, որ անհրաժեշտ է վերաբացել դպրոցներն այս աշուն, սակայն պետք է այդ անելու ուղիներ գտնենք: Հարկավոր է դա զգուշորեն անել",- ասում է Վանդերբիտի բժշկական համալսարանից Ուիլլիամ Շաֆները:
Your browser doesn’t support HTML5
Սակայն Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի հետազոտության համաձայն ծնողների միայն 20% է ապահով զգում երեխաների դպրոց ուղարկելու հարցում:
"Դպրոցների վերաբացման որոշումը միայն նահանգապետերինը, տնօրեններինն ու ուսուցիչներինը չէ: Որոշմանը պետք է մասնակցեն նաև ծնողները և վստահ լինեն, որ դպրոցները կարող են ապահովել իրենց երեխաների ապահովությունը",- ասում է Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտից Ջոն Բեիլին:
Մինչ կորոնավիրուսը երեխաների մոտ հազվագյուտ դեպքերում է հիվանդության պատճառ դառնում, մտավախությունն այն է, որ վերջիններս կարող են այն տարածել ընտանիքի անդամների շրջանում:
Դաշնային կառավարությունը ապրիլին դպրոցներին 13 մլրդ. դոլար գումար էր տրամադրել ապահով կերպով առցանց դասերի կազմակերպման համար: Սակայն պարզ չէ, թե արյդոք այն նախատեսում է դպրոցներին օգնել վերաբացման գործում: