Մինեապոլիսը կատարեց ոստիկանական բաժանմունքը ցրելու առաջին քայլը

ԱՄՆ-ի Մինեապոլիսի քաղաքային խորհուրդն ուրբաթ օրը միաձայն կերպով առաջ է քաշել իր հռչակագրում փոփոխություն մտցնելու առաջարկը, որը թույլ է տալիս ցրել քաղաքի ոստիկանական բաժանմունքը: Հիշեցնենք, որ Մինեապոլիսի ոստիկանությունը հայտնվեց ուժեղ քննադատության ներքո այստեղ ոստիկաններից մեկի կողմից Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:

Ըստ առաջարկի, ոստիկանական բաժանմունքին պիտի փոխարինի ‘’Ժողովրդի անվտանգության ապահովման եւ բռնությունների կանխարգելման’’ բաժանմունքը, որի գործառույթները դեռեւս ճշգրտման փուլում են: Առաջարկը ներկայացվելու է քաղաքականության հարցերով հանձնաժողովին և քաղաքի կանոնադրության հանձնաժողովին:

Պարզ չէ, թե ոստիկանական ներկա բաժանմունքից քանի մարդ իր աշխատանքը կշարունակի նոր կառույցում: Ինչպես առաջարկը ներկայացրած պաշտոնյաներն են ասում, գլխավոր նպատակը հին ոստիկանական ոճից լիովին հրաժարվելն է:

Նոր հաստատությունը ղեկավարելու է իրավապահ համակարգում հասարակության անվտանգության հարցերով փորձառու պաշտոնյա:

12 կողմ եւ առանց դեմ քվեարկության արդյունքը, սակայն, դեռեւս առաջին քայլն է բյուրոկրատական խոչընդոտները հաղթահարելու ճանապարհին: Վերջնական խոսքը պատկանելու է քաղաքի բնակչությանը, որոնք նոյեմբերյան ընտրությունների ժամանակ պիտի պատասխանեն նաեւ այդ հարցին: