Լարվածություն Հոնկոնգի շուրջ Լոնդոնի ու Պեկինի միջև

Լոնդոնը և Պեկինը բանավիճում են հոնկոնգյան որոշ բնակիչների՝ Մեծ Բրիտանիա արտագաղթելու իրավունքի շուրջ: Մեծ Բրիտանիան արձագանքել է Չինաստանի կողմից տարածքի վրա անվտանգության նոր օրենսդրության պարտադրման փորձերին

2019 թվականի հունիսին հարյուր հազարավոր մարդիկ դուրս էին եկել Հոնկոնգի փողոցներ՝ պահանջելով հետ վերցնել այն օրինագիծը, որը թույլ էր տալու քրեական հետապնդման ենթարկվողներին արտահանձնել Չինաստան: Օրենքը ի վերջո հետ կանչվեց, բայց հանուն ժողովրդավարության բողոքները շարունակվեցին:

Մեկ տարի անց կորոնավիրուսի համավարակը լռեցրեց շարժումը: Մայիսին Պեկինը հաստատեց «Ազգային անվտանգության մասին օրենքը», որն ըստ քննադատների, վերջ է դնում Հոնկոնգի քաղաքական ազատություններին:

Տարածքի ղեկավար Քերի Լամը, պաշտոն, որին նշանակում է Չինաստանի կենտրոնական կառավարությունը, ողջունեց առաջարկվող օրենքը:

Մեծ Բրիտանիան արձագանքել է այդ զարգացումներին՝ նշելով, որ օրինագիծը հստակ կերպով խախտում է բրիտանա-չինական համատեղ հռչակագիրը, որը ստորագրվել է 1997 թվականին այս տարածքը Չինաստանին հանձնելու ժամանակ:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբն ընդգծում է՝ Լոնդոնը պատմական հանձնառություն է վերցրել Հոնկոնգի ժողովրդի առջև՝ պաշտպանելու իրենց ինքնավարությունը և ազատությունները:

Մեծ Բրիտանիան հոնկոնգցիներին է տրամադրում հատուկ կարգավիճակ, որին կարող է դիմել շուրջ 2,5 միլիոն մարդ: Այս պահին այդ անձնագիրն արդեն ստացել են շուրջ 350,000 դիմողներ:

Լոնդոնը նախատեսում է թեթևացնել այս անձնագիր ունեցողների ներգաղթը Մեծ Բրիտանիա: Այն նաև ավելի դյուրին է դարձնում հինգ տարի հետո բրիտանական քաղաքացիություն ստանալու ընթացակարգը:

Նախկան օրենսդրական փաթեթի ընդունումը Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջարկում է պարզեցնել այս անձնագիր ունեցողների մուտքը Մեծ Բրիտանիա:

Ըստ վերլուծաբանների, նման զարգացումները նոր էջ են բացում ոչ միայն Լոնդոնի ներգաղթի ոլորտի քաղաքականության հարցում, այլ հավանաբար կանդրադառնան նաև բրիտանա-չինական հարաբերությունների վրա: Այսպիսով, ըստ նրանց, Մեծ Բրիտանիան աջակցության ուղերձ է հղում Հոնկոնգին՝ ակնարկելով, որ Չինաստանի գործողություններն անպատասխան չեն մնա:

Սակայն Չինաստանը զգուշացրել է, որ Մեծ Բրիտանիայի կողմից իր երկրի քաղաքացիության առաջարկումը հոնկոնգցիներին խախտում է 1997 թվականի հռչակագիրը: Նախկինում Լոնդոնը ձեռնպահ էր մնում ներգրավվածությունից, սակայն Պեկինի վերջին քայլերը, կապված անվտանգության մասին նոր օրենքի ընդունման հետ, փոխում են Լոնդոնի հաշվարկները: