ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է 2020 թվականի ֆինանսական թափանցիկության մասին ամենամյա զեկույցը: Զեկույցը կազմելիս հաշվի է առնվում այն հանգամանքը, թե արդյոք տվյալ երկրի կառավարությունը կատարել է ֆինանսական թափանցիկության համար անհրաժեշտ նվազագույն պայմանները, թե ոչ: Ֆինանսական թափանցիկության նվազագույն պայմանները կատարելու նպատակով տվյալ երկրի կառավարությունը պետք է ժողովրդին հասանելի դարձնի ազգային բյուջեի հետ կապված փաստաթղթերը եւ բնական պաշարներն արդյունահանելու շուրջ կառավարության կնքած պայմանագրերը:
Այս տարի Պետդեպարտամենտն ուսումնասիրել է աշխարհի 140 երկրների ֆինանսական թափանցիկությունը, որն ընդգրկում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը: Ուսումնասիրության ենթարկված 141 երկրներից միայն 76-ն է կատարել այդ պահանջները: Այսինքն` 65 պետություններ չեն կատարել ֆինանսական թափանցիկությունն ապահովելու նպատակով ընդունված պայմանները:
Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք ապահովել են այդ պայմանները, այսինքն` հանրությանը հասանելի են դարձրել բյուջետային փաստաթղթերն ու բնական հանածոների արդյունահանման հետ կապված պայմանագրերը: Հայաստանի հարեւաններից այս խմբի մեջ են մտնում Վրաստանն ու Թուրքիան:
Նվազագույն պայմանները չի ապահովել Ադրբեջանը:
Ուսումնասիրությունն անցկացնելու ժամանակահատվածում Ադրբեջանում բյուջետային փաստաթղթերը և պարտքային պարտավորությունները հրապարակայնորեն հասանելի են եղել: Սակայն այն չափանիշներն ու ընթացակարգերը, որոնց միջոցով այս երկրի կառավարությունը շնորհում է պայմանագրեր կամ լիցենզիաներ բնական ռեսուրսների, մասնավորապես` նավթի արդյունահանման համաձայնագրերի համար, միայն մասնակիորեն են սահմանված օրենքում, կանոնակարգում կամ հանրային փաստաթղթերում: Թե որքանով է կառավարությունը հետևել գործող օրենսդրություններին և կանոնակարգերին բնական ռեսուրսների արդյունահանման համար լիցենզիաներ կամ լիցենզիաներ տրամադրելու համար, պարզ չէ:
Ռուսաստանն ու Իրանն ընդգրկված չեն զեկույցում:
Զեկույցը հենվում է ամերիկյան դեսպանությունների, ամերիկյան տարբեր այլ գործակալությունների, միջազգային կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացրած հաշվետվությունների վրա:
Պետդեպարտամենտը կարեւորում է ֆինանսական թափանցիկությունը` այն համարելով ֆինանսական բնագավառը կառավարելու կարեւոր պայման: Այս զեկույցներից է նաեւ մեծապես կախված լինում ԱՄՆ-ի կողմից այդ երկրներին հատկացվող օգնությունը: Եվ Միացյալ Նահանգները ցանկանում է վստահ լինել, որ իր հատկացումներն այս երկրներում օգտագործվում են խելամտորեն: