Ինչու Ռուսաստանը չի իջեցնում գազի սակագինը Հայաստանի համար

Հունիսի 4-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողը կքննարկի «Գազպրոմ Արմենիա»-ի եւ «Տրանսգազ»-ի հայտը ռուսական գազի սակագնի փոփոխության վերաբերյալ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով ՛՛Հայկական ժամանակ՛՛ օրաթերթի հարցին այս առնչությամբ ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի ՀԾԿՀ-ի կողմից սակագնի հետ կապված քննարկումներն ավարտելուց հետո:

Հիշեցնենք, որ վերջերս Եվրասիական տնտեսական միության տեսակապային գագաթաժողովին Հայաստանն ու Բելառուսը ընդգծեցին եվրասիական միության տարածքում դեպի միասնական գազային սակագին շարժվելու անհրաժեշտության հարցը: Ռուսական կողմը սակայն արձագանքեց բացասաբար: Ըստ նախագահ Պուտինի՝ Եվրասիական միության տարածքում գազի նույն գները հնարավոր չէ ինտեգրացման այս մակարդակում, այլ հնարավոր է, ըստ Պուտինի, միասնական շուկայում միասնական բյուջեով և միասնական հարկային համակարգով:

Անդրադառնալով այս խնդրին՝ փոխվարչապետ Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ միասնական մատակարարման և տարանցման սակագնի սահմանման հարցի քննարկումները շարունակվելու են և կստանան լուծումներ, իսկ մինչ այդ, սահմանին գազի գնի շուրջ քննարկումները կշարունակվեն միջկառավարական մակարդակով:

Վերլուծաբան Նատալիա Կոնարզևսկայի կարծիքով, գազի սակագների շուրջ բանավեճը նորություն չէ, սակայն սերտորեն կապված է Ռուսաստանի քաղաքական առաջնահերթությունների հետ:

՛՛Նախագահ Պուտինի նպատակը մշտապես եղել է ավելի խորը ինտեգրացումը հետխորհդային տարածքում: Եվ այժմ նա շարունակում է իրականացնել դա ՛՛,- աում է Կոնարզևսկայան:

Իր հերթին, քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանը ընդգծում է՝ էներգակիրների հարցում անհամաձայնություններն արտահանող ու ներկրող երկրների միջև մշտական են: Նա մատնանշում է այսօր համաշխարհային էներգետիկ շուկայում գների նվազեցման գործոնը, որն էլ այս անգամ հիմք է տալիս ներկրող կողմին խոսել գների հնարավոր նվազեցման մասին, որը կարող է ապահովել միասնական սակագինը Ռուսաստանի հետ: Ներկրող երկրներըտ մշտապես ձգտում են դրան:

՛՛Այս դեպքում գործ ունենք Հայաստանի ու Բելառուսի համագործակցության հետ, որոնք միասնաբար բարձրաձայնում են այս խնդրի մասին ՝ փորձելով համուզել Պուտինին կրկին անդրադառնալ այս հարցին՛՛, ասում է Սանամյանը:

Վերլուծաբանը չի բացառում ևս գազի գնի ձևավորման հարցում քաղաքական բաղադրիչը՝ հիշեցնելով, որ 2014-17 թթ Ռուսաստանը զգալիորեն բարձրացրեց գազի գները Հայաստանի համար, որն, ըստ նրա, պաայմանավորված էր ԵՄ հետ Երևանի՝ առևտրային պայմանագրի շուրջ բանակցություններով:

՛՛Այսօր էլ ականատես ենք Հայաստանի ու Ռուսաստանի առաջնոդների միջև որոշակի սառը հարաբերությունների, որը դժվարացնում է Ռուսաստանի առաջնորդի հետ համաձայնության գալու հնրավորությունը և արտացոլվում գազի գնի համար բանակցություններում՛՛,- եզրակացնում է Սանամյանը:

Նատալիա Կոնարզևսկայան համակարծիք է ՝ Ռուսաստանի ու Հայաստանի այսօրվա հարաբերություններում առկա է լարվածություն, որն անդրադառնում է գազի սակագնի հարցին: Մոսկվայի ու Փաշինյանի վարչակազմի միջև առկա են բազմաթիվ անհամաձայնություններ, ներառյալ նախկին նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ դատավարությունները, ինչպես նաև հետաքննությունները Հայաստանում գործող ռուսական ընկերությունների դեմ:

՛՛Այս բոլոր գործոնները նվազեցնում են զգալիորեն Հայաստանի հնարավորոթյունը գազի գնի իջեցման հարցում ՛՛,- եզրակացնում է վերլուծաբան Կոնարզևսկայան:

Նա չբացառեց այս առումով գազի սակագնի բարաձրացման հնարավորությունը՝ հաշվի առնելով «Գազպրոմ Արմենիա»-ի եւ «Տրանսգազ»-ի հայտը: Էմիլ Սանամյանն էլ իր հերթին ընդգծում է՝ Հայաստանի շուկան փոքր է, ուստի այստեղ գործող ռուսական ընկերությունները ներառյալ Գազրպրոմը չունեն մեծ շահեր և այստեղ են գործում ռուսական իշխանությունների առջև ստանձնած պարտավորություններից ելնելով: Հայ-ռուսական քաղաքական լարվածության պարագայում, Մոսկվան կորցնում է ընկերություններին այս առումով խրախուսելու որևէ շահագրգրվածություն, գտնում է վերլուծաբանը: