Կորոնավիրուսի համավարակի տարածման պայմաններում յուրաքանչյուր քաղաքացու անհրաժեշտ է պահպանել ոչ միայն սոցիալական, այլեւ՝ տեղեկատվական տարածություն, նշում են ոլորտի մասնագետները: ԱՄՆ-ի Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Հելսինկյան հանձնաժողովի առցանց լսումների ընթացքում ոլորտի փորձագետներն ընդգծել են՝ ապատեղեկատվությունը երբեմն կարող է լինել նույնքան վտանգավոր, որքան ինքը՝ վարակը:
Վուդրո Վիլսոնի կենտրոնի փորձագետ Նինա Յանկովիչի խոսքով, այսօր կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը՝ «ինֆոդեմիան» հիմնականում կառավարվում է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի կողմից: Հատկանշական է, որ այդ երեք երկրները հաճախ միասնական են գործում, քանի որ COVID-19 վարակի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման հարցում նրանց շահերը համընկել են:
Սակայն, անկախ դրա աղբյուրից, ապատեղեկատվությունը վնասում է ժողովրդավարությանը, քանի որ մարդկանց մոտ թյուր զգացողություն է սերմանում, որ ժողովրդավարական գործընթացներին իրենց մասնակցությունն անիմաստ է.
«Ժողովրդավարությունը չի կարող գործել առանց քաղաքացիների լիարժեք մասնակցության եւ ապատեղեկատվությունը խոցում է հենց այդ կարեւորագույն առաքելությանը»:
Յանկովիչի խորհուրդն այս պայմաններում մեկն է՝ կորոնավիրուսի պայմաններում սոցիալականի հետ միասին պահպանել նաեւ տեղեկատվական հեռավորություն.
«Եթե զգում եք, որ որեւէ տեղեկատվության չափազանց զգացական եք արձագանքում, ապա լավագույն որոշումը կլինի որոշակի հեռավորություն պահպանել ձեր եւ այդ տեղեկատվության միջեւ՝ բառացի մի կողմ դրեք սարքը մի առ ժամանակ, անմիջապես մի կիսվեք այդ բովանդակությամբ»:
Անդրադառնալով հենց Ռուսաստանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը, վաշինգտոնյան Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի՝ CSIS-ի փոխնախագահ Հեդեր Քոնլին ընդգծում է, որ Կրեմլի կողմից ապատեղեկատվությունը տարածվում է ոչ միայն համավարակի կամ ընտրությունների ժամանակ, այլ արդեն ավանդական եւ անընդմեջ գործընթաց է.
«Ռուսաստանի համար ապատեղեկատվության տարածումը նրանց ռազմական դոկտրինայի մասն է եւ սա ռազմավարություն է, որն ուղղված է ժողովրդավար պետությունների, իսկ Կրեմլի տեսլականով՝ թշնամու հասարակության թուլացմանը»:
Ավելին, Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվությունը արմատներ է գցում հենց այն երկրներում որտեղ ուղղված է, այդ թվում եւ ԱՄՆ-ում եւ արդեն տեղի դավադրության տեսությունների կողմնակիցները սկսում են այն տարածել:
«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում IREX կրթական կազմակերպության փոխնախագահ Ալեքսանդր Դարդելին անդրադարձել է կորոնավիրուսի պատվաստանյութի ապատեղեկատվությանը, որը տարածվում է վերջերս Հայաստանում.
«Հայաստանը միայնակ չէ ապատեղեկատվության դեմ պայքարում: Նույն չիպավորման պատմությունը վերարտադրվում է մի շարք դերակատարների կողմից՝ սկսած Կրեմլի կողմից ֆինանսավորվող լրատվական կազմակերպություններից, մինչեւ ամերիկյան աջակողմյան կառույցներ, որոնք բոլորը հավատում են դավադրությունների տեսությանը»:
Դարդելիի խոսքով, վարակի տարածման սկզբնական շրջանում Հայաստանի կառավարության փորձը պայքարել ապատեղեկատվության դեմ խոսքի ազատության կարգավորման միջոցով անհանգստացնող էր, քանի որ, եթե մեքենայացված կարգավորումները, որոնց ալգորիտմը թափանցիկ է եւ հասկանալի, կիրառելի են, ապա լրատվության բովանդակության կարգավորումն արդեն գրաքննություն է հիշեցնում:
Ապատեղեկատվության դեմ պայքարի լավագույն միջոցը սեփական հասարակության, առաջին հերթին՝ երիտասարդ սերնդի հետ աշխատանքն է, որպեսզի բարձրանա մեդիա գրագիտության աստիճանը եւ քաղաքացիներն ինքնուրույն նշմարեն կեծղ լրատվությունը եւ չտարածեն այն: