Ըստ Արժույթի Միջազգային հիմնադրամի, Հայաստանի կառավարությունը հայտարարեց մարտի 16-ին հատուկ դրություն, որը մեղմացվեց և վերացվեց մայիսին՝ պահպանելով միայն մի շարք սահմանափակումներ: Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենաշատ հիվանդներ ու մահեր արձանագրած երկիրն է: Հատուկ դրության վերացումից հետո հիվանդների թիվը զգալիորեն աճեց՝ այս պահին հասնելով 7113-ի։. Մահերի թիվը կազմում 87 մարդ: Ըստ ԱՄՀ-ի՝ կառավարությունն առաջարկել է ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով 300 միլիոն դոլարանոց օգնության և խրախուսման փաթեթ: Այն ներառում է սուբսիդավորված վարկերի միջոցով աջակցություն կորոնավիրուսից տուժած բիզնեսներին, օժանդակություն մանր ձեռներեցներին՝ աշխատողների աշխատավարձերը վճարելու հարցում, ֆինանսական օգնություն կարիքավոր ընտանիքներին, կորոնավիրուսի արդյունքում աշխատանքը կորցրած անձանց և սոցիալական այլ խմբերի։ Օգնությունը ներառում է նաև կոմունալ ծախսերի համար միջոցների հատկացում, որի նպատակով կառավարությունը տրամադրել է մոտ 138 միլիոն դոլար: Ըստ ԱՄՀ-ի, ընդունվել են սոցիալական աջակցության 18 փաթեթներ:
Վրաստանում, որը տարածաշրջանում ամենաքիչ հիվանդներ ու մահեր արձանագրած երկիրն է, այս պահին հիվանդների թիվը կազմում է 731 մարդ, մահացել է 12 հիվանդ: Կառավարությունը մարտի 21 հայտարարեց հատուկ դրություն՝ սահմանելով մի շարք սահմանափակումներ, ներառյալ մասնավոր տրանսպորտի երկշաբաթյա օգտագործման արգելք, որը դադարեցվեց ապրիլի վերջին: Սահմանվեց պարետային ժամ երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան ժամը 6-ը: Մայիսից սահմանափակումները սկսեցին մեղմացվել: Ապրիլի 24-ին կառավարությունն ընդունեց տնտեսության վերաբացման վեց փուլանոց ծրագիր, որը կընթանա մինչև հուլիս ամիսը: Յուրաքանչյուր փուլկտևի առնվազն երկու շաբաթ: Տնտեսական հակաճգնաժամային քայլերի ծրագիրը նախատեսում է մի շարք միջոցառումներ, ներառյալ օգնություն բնակչությանն ու բիզնեսներին կումանալ ծախսերի վճարման հարցում, գործազրկության նպաստի տրամադրում կորոնավիրուսի արդյունքում աշխատանքը կորցրած անհատներին, միանվագ օգնություն սոցիալական տարբեր խմբերին և այլ միջոցառումներ: Վրաստանում հատուկ ուշադրության կենտրոնում է տնտեսության առանցքային ճյուղերից զբոսաշրջությունը: Հարկային արձակուրդներ են սահմանվել ոլորտի տասնյակ հազարավոր ընկերությունների համար: Հունիսի 12-ից նախատեսվում է հյուրանոցների վերաբացում տեղական, իսկ հուլիսի 1-ից նաև արտասահմանցի զբոսաշրջիկների համար:
Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակի հետ մեկտեղ տնտեսությունը մեծ վնասներ կրեց նավթի գների անկման արդյունքում: Այս պահին երկրում հիվանդների թիվը հասել է 4271, մահացել է 51 մարդ: Իշխանությունները դիմեցին մի շարք սահմանափակումներին, մասնավորապես հավաքների արգելքներ, սահմանների փակում, ներքին տեղաշարժի սահմանափակում և այլն: Մայիսից սկսվեց հատուկ ռեժիմի մեղմացում: Կառավարությունը հայտարարեց 3 միլիարդ դոլարի օժանդակության տրամադրման մասին կորոնավիրուսից տուժած բիզնեսների համար: Դրա հետ մեկտեղ իշխանությունները մի շարք քայլեր ձեռնարկեցին ֆինանսա-բանկային համակարգում, ներառյալ ուշացած վճարումների համար տուգանքների չեղարկում, վարկային կազմակերպությունների ստուգումների դադարեցում և այլն: Ադրբեջանի կառավարությունը 5 միլիոն դոլար աջակցություն տրամադրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
Միացյալ Նահանգները շարունակում են առաջին տեղը զբաղեցնել աշխարհում կորոնավիրուսով հիվանդների ու զոհերի թվով: ԱՄՆ-ում այսօր արձանագրվել է ընդհանուր ավելի քան 1 միլիոն 650 հազար կորանավիրուսի հիվանդության դեպք: Մահացածների թիվը մոտենում է 98 հազարի: Տնտեսությունը ահռելի վնասներ է կրում համարավարակի արդյունքում: Ապրիլ ամսվա դրությամբ գործազրկությունն ԱՄՆ-ում հասնումմ է 15 տոկոսի, նախահամավարակային 4 տոկոսի փոխարեն: ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց վարչակազմի առաջարկած տնտեսական խրախուսման ավելի քան 2 տրիլիոն դոլարանոց փաթեթը, որը նախատեսում էր ուղիղ ֆինանսական միանվագ օգնություն բնակչությանը, մանր ու միջին բիզնեսներին օժանդակություն, տուժած ոլորտների տնտեսավարողներին ֆինանսական օգնության ցուցաբերում: Նահանգային և դաշնային իշխանությունները մանր ու միջին ձեռներեցներին օգնություն են ցուցաբերում դրամաշնորհների ու արտոնյալ վարկերի տեսքով: Բացի այդ, հարկային հայտարարգրերի ներկայացման ժամկետները հետաձգվեցին մինչև հուլիս ամիս: Վերջերս Ներկայացուցիչների պալատը, ուր մեծանմասնություն են կազմում դեմոկրատները, ընդունեց 3 տրիլիոն դոլարի խրախուսման նոր փաթեթի մասին օրինագիծ, որը օրենքի ուժ ստանալու համար դեռևս պետք է հավանության արժանանա հանրապետականների մեծամասնությամբ ԱՄՆ Սենատում և ստորագրվի նախագահ Թրամփի կողմից: Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը չի բացառել, սակայն, նոր փաթեթի ընդունման հնարավորությունը մոտ ապագայում:
Ըստ Արժույթի Միաջզգային հիմնադրամի, Ռուսաստանի կառավարության կորոնավիրուսի համավարակի արդյունքում օգնության ֆիսկալ փաթեթը կազմում է ՀՆԱ-ի 2.9 տոկոսը: Հարկային և ֆինանսկան օգնության շուրջ 15 միջոցառումները ներառում են առողջապահության ոլորտին հավելավճարների տրամադրում, վճարովի արձակուրդներ հիվանդներին, մինիմալ աշխատավարձի չափով գործազրկության նպաստի սահմանում, միանվագ վճարումներ 3-15 տարեկան երեխաների համար, աջակցություն մանր ձեռներեցությանը և այլն: Դաշնային իշխանությունները հանդես են եկել տնտեսության վերաբացման եռափուլ ծրագրով, որի ժամկետները դեռևս հստակ չեն: Ռուսաստանում այս պահին հիվանդների թիվը ավելի քան 353 հազար է, մահացածներինը՝ 3633 մարդ: Երկիրը տնտեսական մեծ վնասներ է կրել նաև համաշխարհային շուկայում նավթի գների անկման հետևանքով:
Մայիս ամսվա դրությամբ Մեծ Քսանյակի խմբի երկրներից տնտեսական խրախուսման ամենամեծ փաթեթը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ Ճապոնիան է: Այն կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 21 տոկոսը: Ճապոնիայից հետո երկրորդ տեսում է ԱՄՆ-ը 11 տոկոսանոց փաթեթով, որին հաջորդում են Ավստրալիան՝ 9.9 տոկոսով, Կանադան 9.8 տոկոսով, Բրազիլիան՝ 8 տոկոսով, Թուրքիան և Ֆրանսիան՝ 5 տոկոսանոց փաթեթներով, Գերմանիան՝ 4.9 տոկոսանոց փաթեթով և Իտալիան՝ 4.6 տոկոսանոց օգնության փաթեթով: Ընդհանուր Եվրամիության խրախուսման փաթեթը կազմում է դաշինքի ՀՆԱ-ի 4 տոկոսը: