ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի գլխավոր տեսուչ Ստիվ Լինիքը դարձավ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պաշտոնանկ արված հերթական պաշտոնյան: Թրամփը հայտարարել է, թե ինքն արդեն կորցրել է Լինիքի նկատմամբ վստահությունը ու ավելացրել, որ վերջինս պաշտոնից կազատվի 30 օրից: ‘’Չափազանց կարեւոր է, որ գլխավոր տեսչի հարցում ես ունենամ լիակատար վստահություն’’, ասել է Թրամփը:
Ասենք, որ Լինիքը հետաքննություն էր սկսել պետքարտուղար Մայք Փոմփեոյի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին մեղադրանքների հիման վրա:
Դեմոկրատներն այժմ հայտարարում են, թե Թրամփը վրեժխնդիր է լինում պետական այն ծառայողներից, որոնք փորձում են ինչ որ տեղ պատասխանատվության ենթարկել իր վարչակազմին:
Լինիքին պաշտոնից ազատելու մասին հայտարարությունից շատ չանցած, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահն էր տեղեկացրել այն մասին, որ Լինիքը սկսել էր հետաքննություն Մայք Փոմփեոյի հարցով: ‘’Պաշտոնից ազատելու այս որոշումը վիրավորական մի քայլ է նախագահի կողմից, որն այսպիսով փորձում է պաշտպանել իրեն հավատարիմ աջակիցներին’’, հայտարարել է դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելը, որը սակայն հավելյալ մանրամասնություններ չի հայտնել Փոմփեոյի հարցով հետաքննության մասին: Սակայն Կոնգրեսում աշխատող մի շարք անձինք, ովքեր խնդրել են իրենց անունները չհրապարակել, ասել են, թե Լինիքն ուսումնասիրում էր այն բողոքները, որոնց համաձայն Փոմփեոն հանձնարարել է իրականացնել “անձնական հետաքրքրության հետ կապված առաջադրանքներ”:
Ասենք, որ նախկին դատախազ Լինիքին այս պաշտոնում նշանակել էր նախկին նախագահ Բարաք Օբաման, հանձնարերելով նրան վերահսկել ծախսումները եւ Պետդեպարտամենտում իրականացվող աշխատանքներում հայտնաբերել սխալներ ու թերություններ:
Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ նախագահ Նենսի Փելոսին ասել է, թե Լինիքին պաշտոնանկ անելու Թրամփի որոշումը ‘’պատիժ է իր պարտականությունները բարեխղճորեն իրականացնող պաշտոնյայի դեմ’’:
Դեմոկրատ սենատոր Քրիս Մըրֆին էլ հայտարարում է, թե Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովը պետք է, այս գործի հետ կապված, ստանա հավելյալ տեղեկություններ: