Ամիսներ շարունակ ԱՄՆ-ի պաշտոնյաները նախազգուշացնում էին կորոնավիրուսի համավարակի պայմաններում կիբերհարձակումների մասին: Եթե նախկինում որևէ երկիր չէր նշվում որպես այդ հարձակումների կազմակերպիչ, ապա այժմ, երբ կորոնավիրուսի պատվաստանյութի մշակման մրցավազքն արագանում է, ԱՄՆ-ի պաշտոնյաների պատասխանն ուղղակի է. օրերս Միացյալ Նահանգները նախապատրաստվում է մեղադրանք ներկայացնել Չինաստանին՝ կիբեր հարձակումներ իրականացնելու համար:
Պաշտոնական մեղադրանքը Չինաստանին ներկայացնելու են ԱՄՆ-ի Դաշխային հետաքննությունների բյուրոն եւ Ազգային անվտանգության ծառայությունը՝ կորոնավիրուսի պատվաստանյութերի, դեղամիջոցի և թեստերի շուրջ հետազոտություններ կատարող ընկերությունների համակարգչային ցանցեր ներխուժելու փորձերի համար: Տեղեկատվությունը հաստատել է նաեւ Ներքին անվտանգության տեղեկատվական հատուկ խմբի անդամ, Redpoint Cybersecurance ընկերության գործերի կառավարիչ Թաբ Բրադշոուն:
«Կարծում եմ, սա անխուսափելի է», - «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Բրադշոուն, - «Դա քաղաքական քայլ է ՝ Չինաստանի կոմունիստական կառավարությանը պատասխանատվության ենթարկելու և աշխարհին տեղեկացնելու, որ նրանք ակտիվորեն փորձում են գողանալ ԱՄՆ տեխնոլոգիաները նաեւ այս ոլորտում»:
Միացյալ Նահանգները տարիներ շարունակ հայտարարել է, որ Չինաստանը, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանը, կիբերհարձակումների հետեւում կանգնած հիմնական ուժն են ՝ մեղադրելով Պեկինին ԱՄՆ-ի մտավոր սեփականությունը գողանալու, ԱՄՆ-ի հանդեպ մրցակցային առավելություն ձեռք բերելու մեջ:
Չինաստանի հասցեին հանրային մեղադրանքը՝ COVID-19 պատվաստանյութերի գողանալու փորձերի հետ կապված, հավանաբար էլ ավելի է խորացնելու լարվածությունը Պեկինի և Վաշինգտոնի միջև: Սպիտակ տան վարչակազմն իր հերթին շարունակում է մեղադրել Չինաստանին կորոնավիրուսի համաճարակի փաստերը նախնական փուլում թաքցնելու մեջ, որի արդյունքում այլ երկրներ թերագնահատել էին վարակի վտանգի աստիճանը:
COVID-19 պատվաստանյութի հետազոտությունները միաժամանակ ձեռնարկվում են աշխարհի մի շարք երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արձանագրել է ութ պատվաստանյութեր, որոնք գտնվում են կլինիկական գնահատման փուլում, այդ թվում երկուսը Միացյալ Նահանգներում և չորսը Չինաստանում: