ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սովորաբար չի հապավում քննադատել իր քաղաքական հակառակորդներին, սակայն փոխնախագահ Ջո Բայդենի դեմ սեռական ոտնձգության մեղադրանքների հարցում նախագահը շատ ավելի զուսպ է:
Վերջինս այս հարցին չի անդրադարձել մինչև ապրիլի 30-ը, մեկ ամիս անց այն պահից, երբ Տարա Ռիդը՝ Սենատի նախկին աշխատակցուհին մեղադրեց նախկին փոխնախագահ Բայդենին սեռական ոտնձգության մեջ: Բայդենը կտրականապես հերքեց այս մեղադրանքը:
Մեկնաբանելով այս հարցը՝ Թրամփն ասել է, որ որևէ բան չգիտի դրա վերաբերյալ ու գտնում է, որ Բայդենը պետք է պատասխանի մեղադրանքներին, որոնք կարող են լինել կեղծ: Նա նշել է, որ չափազանց լավ գիտի՝ ինչ են կեղծ մեղադրանքները, քանի որ ինքն անձամբ շատ հաճախ է կեղծ քննադատվողի տեղում հայտնվել: Նույնատիպ մեկնաբանություն նախագահը տվել է մեկ այլ հարցազրույցում:
Նախագահ Թրամփի այս վարքագիծը բացատրվում է քաղաքական նոր իրողություններով: Նախկինում նախագահը բազմիցս անդրադարձել էր Հիլարի Քլինթոնի դեմ պայքարի ժամանակ վերջինիս ամուսին Բիլ Քլինթոնի սեռական սկանդալներին: Այսօրվա Բայդեն-Թրամփ պայքարը նախագահի աթոռի համար ընթանում է արդեն #MeToo շարժման վերելքից հետո, որն ուղղված էր կանանց իրավունքների պաշտպանությանը: Բացի այդ, կառավարման իր օրերին, Թրամփի վարչակազմը առնչվել էր դատավոր Քավանոյին Գերագույն դատարանի դատավոր նշանակելու գործի հետ, որը մոտ էր ձախողման սեռական ոտնձգության մասին սկանդալի ու լսումների պատճառով:
Այդ օրերին նախագահը պնդում էր, որ Քավանոի նկատմամբ մեղադրանքները շինծու են: Այսօր Թրամփի քարոզչական թիմը փորձում է դեմոկրատներին ներկայացնել որպես կրկնակի չափանիշներ կիրառող ուժ ՝ սեռական ոտնձգության մեղադրանքների հարցերում: Սա է այն հիմնական ուղերձն է, որ փոխանցում է Թրամփի թիմն իր աջակիցներին այս հարցի վերաբերյալ:
Բայդենի նախընտրական թիմն իր հերթին հերքել է մեղադրանքը, սակայն պաշտպանել կանանց ՝՝ մամուլի միջոցով սեփական փորձը հանրության հետ կիսելու իրավունքը: Ինքը Բայդենը մեղադրանքներին չի անդրադարձել մինչև մայիսի 1-ի հարցազրույցը, ուր նա կտրականապես հերքել է մեղադրանքները: Նա հերքել է դրանք նաեւ հաջորդ հարցազրույցներում:
Սակայն շաբաթների լռությունն այս հարցի շուրջ մտահոգություններ է առաջացրել Բայդենի կողմնակիցների ճամբարում: Կանայք հանդիսանում են նրա ընտրազանգվածի կարևոր հատված, և նրանց աջակցության նվազումը կարող է զգալի վնասել Բայդենի նախընտրական քարոզարշավին:
Այսօր Բայդենի թիմը փորձում է վերադառնալ համավարակի խնդիրներին ու վարչակազմի բացթողումներին այս հարցում: Ուրբաթ օրը Բայդենն իր ելույթում կենտրոնացավ տնտեսական խնդիրների վրա ընդգծելով, որ այս հարցում նախագահի քաղաքանությունը ձախողվել է և նա ուշացումով է արձագանքել համավարակին: