Կորոնավիրուսն անկասկած սկսվել է Չինաստանի Ուհան քաղաքից. Սակայն ինչպե՞ս

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն չորեքշաբթի օրը հայտնվեց լրագրողների սուր հարցերի տարափի տակ, քանի որ վերջերս պտտվում են լուրեր այն մասին, որ վարակը սկսվել է Ուհանի մի լաբորատորիայից: Փոմփեոն, հարցերին պատասխանելիս, սահմանափակվում էր, ասելով, թե Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը պիտի ժամանակին աներ այն, ինչը պարտավոր էր անել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ ստանձնած պարտավորությունների համաձայն: ‘’Պետք է լինեին թափանցիկ, եւ պիտի անեին այն, ինչն աշխարհում արվում է նման համաճարակները կանխելու համար’’, ասել է նա:

Չինաստանի արտգործնախարարությունն իր հերթին դատապարտում է Փոմփեոյին իր այս մեկնաբանությունների համար, դրանք համարում ներքին քաղաքական պայքարի ձեւ: Ինչպես նախարարության խոսնակն է ասել, Փոմփեոն մեղադրում է Չինաստանին առանց փաստեր նշելու: ‘’Դրա պատճառն այն է, որ նման փաստեր գոյություն չունեն’’, ասել է նա:

Փոմփեոն ասում է, թե Չինաստանը պիտի թույլ տա, որ իր գիտնականները հայտնեն իրենց կարծիքները: ‘’Չինաստանը դեռեւս չի փոխանցում այն տեղեկությունները, որոնք հարկավոր են մեր ժողովուրդների ապահովության համար: Խոսքը վիրուսների մեկուսացման, կլինիկական նմուշների, ինչպես նաեւ կովիդ 19-ով դեռեւս դեկտեմբեր ամսին հիվանդացած մարդկանց վիճակի մասին է’’, ասել է Փոմփեոն:

Նրա խոսեքով, Չինաստանից թափանցիկություն պահանջելու կոչերն ունեն ոչ թե քաղաքական դրդապատճառներ, այլ` մարդկանց կյանքեր փրկելու նպատակ: