20 օր ‘’անհետանալուց’’ հետո Կիմ Չան Ընը հայտվնեց

Այն ժամանակ, երբ աշխարհում խոսում էին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մահվան հնարավորության մասին, 20 օր հանրության տեսադաշտից դուրս մնացած Կիմը հայտնվեց 21-րդ օրը ու կտրեց պարարտանյութեր արտադրող գործարանի բացման ժապավենը: Նա կտրեց նաեւ շատերի հույսը, որ կարող էր ինքը լինել մահացած: Ավելին, եթե այս ընթացքում շատերը խոսում էին նրա հիվանդությունների մասին, ու հիշում, որ վերջերս նա քայլում էր ձեռնափայտի օգնությամբ, հայտնվելուց հետո թվում էր ավելի առույգ ու առանց փայտի:

Հանրության տեսադաշտից դուրս մնալու հանգամանքը սակայն դուրս է նաեւ բացատրություններից, որովհետեւ ոչինչ այստեղ չի հայտարարվում այդ կապակցությամբ: Սակայն առաջին դեպքը չէր, որ Հյուսիսի առաջնորդը հանկարծ անհետանում է տեսադաշտից: 2014 թվականին նա չէր երեւացել նույնիսկ 40 օր: Դրանից հետո էր նա հայտնվել ձեռնափայտով:

Այս անգամ ենթադրություններն ավելի ընդարձակ էին: Կար կարծիք, որ նա ենթարկվել է սրտի անհաջող վիրահատության, որ ունի երիկամների լուրջ խնդիրներ, որ մեկուսացվել է կորոնավիրուսի պատճառով, կամ էլ բալիստիկ հրթիռի փորձարկումներից մեկը դիտելու ժամանակ ստացել է լուրջ վնասվածքներ: Որոշ լրատվամիջոցներ էլ հաղորդել էին նրա մահվան մասին:

Սակայն շաբաթ օրը հրապարակված պաշտոնական լուսանկարներում ո՛չ Կիմը, ո՛չ էլ պաշտոնատար մյուս անձինք չեն կրում կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախատեսված դիմակներ:

Ծխախոտը մեծապես չարաշահող 36-ամյա Կիմ Չան Ընը, որն ունի առողջական խնդիրներ, իշխանությունը հորից հետո վերցնելուց ի վեր մեծապես է գիրացել: Եվ նրա առողջական վիճակի հետ կապված հարցերը լրջորեն են քննարկվում, քանի որ այս պահին չկա նրան փոխարինելու այնպիսի թեկնածու, որի ընտրության դեպքում չծավալվեր իշխանության պայքար: