Ռեմդեսիվիր դեղը ստացավ կորոնավիրուսով հիվանդ անձանց բուժելու արտոնություն

ԱՄՆ-ի սննդի ու դեղորայքի վարչությունը տվել էբոլա հիվանդության դեմ կիրառվող Ռեմդեսիվիր դեղամիջոցը կորոնավիրուսի դեմ օգտագործելու իրավունք: Սա նշանակում է, որ հակավիրուսային այս դեղամիջոցը կարելի է տալ կովիդ 19-ի սուր հիվանդությամբ տառապող հիվանդներին: Վերջին փորձերը ցույց էին տվել, որ այն կրճատում է ծանր հիվանդների ապաքինման ժամանակահատվածը:

Փորձագետներն ասում են, թե էբոլայի դեմ կիրառված Ռեմդեսիվիրը չի կարելի համարել ‘’կախարդական փայտիկ’’ ընդդեմ կորոնավիրուսի: Սակայն ինչպես Սպիտակ տան Օվալաձեւ սրահում ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպման ժամանակ այս դեղամիջոցն արտադրող ‘’Գիլիդ’’ ընկերության գոծադիր տնօրեն Դանիել Օդեյն է ասել, դեղամիջոցը կիրառության մեջ դնելու որոշումն առաջին կարեւոր քայլն է: Նրա խոսքերով, ընկերությունն իր կողմից 1 եւ կես միլիոն սրվակ կնվիրաբերի հիվանդանոցներին:

Ռեմդեսիվիրն օգտագործվել է էբոլա հիվանդության դեմ, սակայն չի դարձել այն լիովին բուժող միջոց: Ինչպես այն արտադրող ընկերության կայքէջում է գրված. ‘’Ռեմդեսիվիրը փորձարարական դեղամիջոց է, որը դեռեւս չունի անվտանգության ու արդյունավետության հստակ երաշխիքներ’’: Ընկերությունը նաեւ նախազգուշացնում է, որ դեղամիջոցը կարող է ունենալ կողմնային լուրջ ազդեցություններ:

1063 անձանց վրա իրականացված փորձի արդյուքների համաձայն, այն կարող է արագացնել բուժման ընթացքը ու նույնիսկ օգնել վերակենդանացման բաժանմուքների հիվանդներին, սակայն չկա ապացույց, որ այն կարող է կանխել կորոնավիրուսից մահացությունները:

‘’Գիլիդ’’ ընկերությունն առաջարկում է Ռեմդեսիվիրով 10 օրվա բուժումներ նշանակել շնչառական սարքերի օգնության կարիք ունեցող անձանց համար եւ հնգօրյա բուժում`կորոնավիրուսով ավելի թույլ տեսակները բուժելու դեպքում: