Ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել, որում նշում են՝ կորոնավիրուսի գլոբալ համաճարակի պատճառով հակամարտության կարգավորման ուղղությամբ նախատեսված ծրագրերի իրականացումը հետաձգվում է.
«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (ՌԴ-ից՝ Իգոր Պոպովը, Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերը) մարտից ի վեր առցանց խորհրդակցություններ են անցկացրել, այդ թվում `ապրիլի 21-ին տեսակոնֆերանս: Այս խորհրդակցություններին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկել են գլոբալ առողջապահական ճգնաժամի ազդեցությունը և վերջին զարգացումները տարածաշրջանում: Նրանք նաև դիտարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում իրականացվող հաջորդ քայլերը ՝ համաձայն 2020 թվականի Ժնևի հունվարի 30-ի համատեղ հայտարարության:
Կողմերը հաստատել են, որ COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած արտառոց իրավիճակի պատճառով հետաձգվել է նախկինում համաձայնեցված մարդասիրական միջոցառումների իրականացումը: Հետաձգվել են նաև դեմ առ դեմ նախարարների հանդիպումներն ու նախապես համաձայնեցված համանախագահների այցերը տարածաշրջան: Այնուամենայնիվ, այս քայլերը նախապատրաստելու համար անհրաժեշտ աշխատանքները շարունակվում են:
Համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմը պահպանելու և ներկա միջավայրում սադրիչ գործողություններից զերծ մնալու կարևորությունը և կողմերին կոչ արել միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա նվազեցման ուղղությամբ: Նրանք նաև երախտագիտություն են հայտնել ներկա պայմաններում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական աշխատանքի համար և շեշտել մոնիտորինգային աշխատանքների հնարավորինս արագ վերսկսման անհրաժեշտությունը:
Հաշվի առնելով մարտահրավերները, որոնց ներկայումս բախվում է ամբողջ բնակչությունը և որոնք հիշեցում են յուրաքանչյուր մարդկային կյանքի կարեւորության մասին, արտաքին գործերի նախարարներն ու համանախագահները հույս են հայտնել, որ գլոբալ համաճարակի հաղթահարումը նաեւ նոր եւ գործնական խթան կհանդիսանա խաղաղության գործընթացի համար: Համանախագահները կողմերի ուշադրությունն են հրավիրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարտի 23-ի կոչին ՝ առողջապահական ճգնաժամի ընթացքում հրադադարի պահպանմանն ուղղված գլոբալ միջոցառումների վրա, ինչպես նաև համանախագահների մարտի 19-ի հայտարարությանը:
Արտաքին գործերի նախարարներն ու համանախագահները պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ և հնարավորին չափով արագ վերսկսել դեմ առ դեմ բանակցությունները»: