Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատեց, որ իր վարչակազմը դադարեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը՝ վերջինիս մեղադրելով «Չինաստանի գործիք» հանդիսանալու մեջ:
Ժամանակին ԱՀԿ-ն քննադատել էր նախագահ Թրամփի որոշումը՝ Չինաստանի հետ հաղորդակցումը ժամանակավորապես դադարեցնելու մասին, որը նա իրականացրել է հունվարի վերջին: Նախագահն իր այս որոշումը հաճախ ներկայացնում է որպես որոշիչ քայլ կորոնավիրուսի դեմ պայքարում:
Համաճարակի սկբնական փուլում Թրամփը գովաբանում էր Չինաստանին և ԱՀԿ-ին, սակայն վերջին շրջանում կտրուկ փոխեց իր դիրքորշումը՝ սպառնալով դադարեցնել ԱՀԿ-ի ֆինանսավորումը նախորդ շաբաթվա սկզբից:
ԱՄՆ-ն ԱՀԿ-ի գլխավոր դոնորն է: Անցյալ տարի ԱՄՆ-ը կառույցին է հատկացրել ավելի քան 550 միլիոն դոլար ՝ վերջինիս բյուջեի գրեթե 15 տոկոսը: Երկրորդ և երրորդ ամենամեծ դոնորներն են «Բիլ Գեյթս» հիմնադրամը և Gavi Alliance կազմակերպությունը, որոնք երկուսն էլ պատկանում են ամերիկացի բարերար Բիլ Գեյթսին:
ԱՀԿ-ի շատ քննադատներ նշում են, որ կազկակերպությունը ձախողել է՝ համաճարակի հարցում ուշացած արձագանքելու պատճառով: Մի քանի երկրներ նույնպես անտեսեցին ԱՀԿ-ի ցուցումները և վաղ շրջանում փակեցին սահմանները Չինաստանից այցելած մարդկանց համար:
Բայց որոշ քննադատներ կարծում են, որ կազմակերպության գործունեության քննությունը դեռևս առջևում է և կապված է վերջինիս գործողությունների հետ համաճարակի ավարտից հետո:
՛՛Կարծում եմ Թրամփը սխալ է վարվում՝ դադարեցնելով ֆինանսավորումը այն պահին, երբ դեռևս հրդեհը չի մարել: Անգամ եթե նա ունի հիմքեր, սա ճիշտ պահը չէ այդպես վարվելու համար՛՛,- ասում է ԱՀԿ կազմակերպության նախկին փաստաբան Ջիան Լուկա Բուրչին:
Այսօր ԱՀԿ-ն COVID-19- ի դեմ պայքարին զուգահեռ պետք է հակազդի այլ մարտահրավերների ևս կապված տարբեր հիվանդությունների հետ: Կազմակերպությունը նշել է, որ աշխատանքներ կտարվեն կառույցի գործընկերների հետ ՝ ստեղծված ֆինանսական բացը լրացնելու համար:
ԱՀԿ-ն պարտավորվել է վերանայել իր կատարողականը` թափանցիկությունը և հաշվետվողականությունը բարձարցնելու և պատշաճ ժամկետներում այն ապահովելու համար:
«Հույս ունեմ, որ այս ճնշումը ոչ միայն կհանգեցնի հետաքննության, այլ նաև ԱՀԿ-ի բարեփոխումներին, որպեսզի այն առաջնորդվի միմիայն հանրային առողջության սկզբուննքերով, այլ ոչ թե Չինաստանի կամ աշխարհի ցանկացած այլ երկրի առաջնորդների ցանկությամբ»,- ասում է Վիլսոն հիմնադրամի վերլուծաբան Ռոբերտ Դեյլին:
Սակայն ԱՄՆ ֆինանսավորման դադարեցումն անգամ ԱՀԿ քննադատների շրջանակում առաջացրել է անհանգստություն: Վերջիններս մտահոգված են, որ այս քայլը հնարավորություն կտա Չինաստանին ընդլայնել իր ազդեցությունը միջազգային առողջապահական կազմակերպության հանդեպ: