‘’Ամազոն’’ ընկերությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ դադարեցնում է երկու այն աշխատակիցների հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, որոնք քննադատել են ընկերության պահեստում տիրող աշխատանքային պայմանները: Դա, ղեկավարության խոսքերով, ներքին օրենքների ոտնահարում է համարվում:
Հեռացված աշխատակիցներ Էմիլի Քանինգեմը եւ Մարեն Քոստան աշխատել են որպես Սեաթըլ քաղաքում դիզայներներ:
Նրանք հայտարարել են, որ ներկա համաճարակի պատճառով պահեստում աշխատանքներ իրականացնելը վտանգավոր է:
‘’Ամազոն’’-ը հայտարարում է, որ պաշտպանում է ընկերությանը քննադատելու մարդկանց իրավունքը, սակայն դա ‘’այդ աշխատակիցներին չի ապահովում ներքին օրենքները ոտնահարելու հարցում անձեռնմխելիությամբ’’:
Դրանից մի քանի շաբաթ առաջ էր ‘’Ամազոն’’-ն աշխատանքից ազատել պահեստի աշխատակիցներից Քրիսչըն Սմոլին, որը նույնպես վեր էր հանել առողջությանը վերաբերող հարցեր:
Առաքիչ ծառայություններ մատուցող մի շարք ընկերություններ, այդ թվում ‘’Ամազոն’’-ը, ‘’ԻԿԵԱ’’-ն ու ‘’Նորդստրոմ’’-ը կորոնավիրուսի համաճարակի ընթացքում շարունակում են իրենց ծառայությունները, որոնք շրջանցում են տանը մնալու մասին ԱՄՆ-ի կառավարության հրահանգը, իրենց համարելով էական նշանակություն ունեցող ձեռնարկություններ:
Նշված ընկերությունները հայտարարում են, որ այս եղանակով կենդանի են պահում բիզնեսը եւ ապահովում աշխատավորների ֆինանսական պահանջները:
Սակայն պահեստներում աշխատող մեծաթիվ մարդիկ, որոնք այդ ընկերություններից ստանում են միայն փոքր եկամուտներ եւ ունեն հիվանդության համար նախատեսված միայն մի քանի օր, հիմա կանգնած են դժվար ընտրության առջեւ, ընտրություն առողջության ու աշխատավարձի միջեւ: