Չնայած կորոնավիրուսին, հազարավոր մարդիկ շտապում են դեպի Մայամի

ԱՄՆ-ի նախագահն ընդունել է կորոնավիրուսի հետ կապված եկող 15 օրերի համար ավելի խիստ օրենքներ եւ հայտարարել, որ այս իրավիճակը կարող է շարունակվել մինչեւ օգոստոս:

Մի շարք նահանգներում ընդունվել են ոչ միայն դպրոցները, այլ նաեւ ռեստորաններն ու նմանատիպ այլ բիզնեսներ փակելու մասին որոշումներ: Փակ են դաշնային մի շարք հաստատություններ: Որոշ հաստատությունների աշխատակիցներ աշխատանքն իրականացնում են տնից:

Թրամփը կոչ է արել խուսափել միանգամից տասից ավելի մարդկանց հավաքներից, հրաժարվել ոչ կարեւոր ճամփորդություններից, հրաժարվել բար, ռեստորաններ ու այլ տեսակի ճաշարաններ հաճախելուց:

Թրամփին վերջերս հաճախ էին ենթարկում քննադատության` հիվանդության դեմ պայքարը պատշաճ կերպով չկազմակերպելու համար: Դրանից հետո էր, որ նախագահը սկսեց իրականացնել խիստ քայլեր, այդ թվում օդային թռիչքները սահմանափակելով:

Առողջապահության բնագավառի փորձագետները ողջունում են ավելի խիստ կանոնները: Նրանց խոսքերով, օրինակ եկող տասնհինգ օրերը ցույց կտան, թե ինչպես է ընդունված կանոնն ազդել կորոնավիրուսի տարածումը կանխելու վրա:

Սպիտակ տուն մուտք գործող յուրաքանչյուր անձ պարտավոր է չափել մարմնի ջերմությունը: Իսկ այստեղից աշխատող լրագրողներին նրանց ընկերակցությունը կոչ է արել աշխատանքները շարունակել հեռվից, հնարավորին չափ հեռվից, ու խուսափել նույնիսկ մամուլի ասուլիսներին ֆիզիկապես ներկա գտնվելուց:

Սակայն քանի որ ԱՄՆ-ը դաշնային պետություն է, յուրաքանչյուր նահանգ որոշումներ է կայացնում ինքնուրույն: Այդ պատճառով այս օրերին, չնայած երկրում հայտարարված արտակարգ դրությանը, հազարավոր մարդիկ շտապում են Ֆլորիդայի ափեր, դեպի Մայամի: