Վերջին շրջանում ահագնացող կորոնավիրուսը դիտարկվում է որպես շուկաներում անկայուն իրավիճակի հիմնական պատճառ: ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը անցած շաբաթ նվազեցրել է տոկոսադրույքերը՝ այսպիսով փորձելով նվազեցնել ազդեցությունը կորոնավիրուսի հետևանքներից:
Կենտրոնական բանկը նման քայլի էր դիմել վերջին անգամ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ: Այսօր աշխարհում ահագնացող այդ հիվանդությունը բացասաբար է անդրադառնում տնտեսական բազմաթիվ ճյուղերի վրա, հատկապես՝ առևտրային կապերի ու զբոսաշրջության:
Ամբողջ աշխարհում չեղարկվում են այս և բազմաթիվ այլ ոլորտների կարևոր իրադարձություններ: Չիկագոյում օրինակ չեղարկվել է International Housewares Association կազմակերպության տարեկան միջոցառումը, որը նախատեսված էր մարտի կեսերին: Տնային տնտեսություններին վերաբերող այս հավաքը նախատեսում էր իր շուրջը համախմբել շուրջ 50 հազար մասնակիցների 130 երկրներից:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների դեմ քայլեր են ձեռնարկվում նաև այլ երկրներում: Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն վստահություն է հայտնել, որ իր կառավարությունը ամեն ինչ կձեռնարկի տնտեսական ճգնաժամից խուսափելու համար: Նրա կարգադրությամբ երկրում փակվել են կրթական հաստատությունները, սակայն շարունակվում են աշխատանքները Տոկիոյում Ամառային օլիմպիական խաղերի անցկացման համար:
Կորոնավիրուսն իր ազդեցությունն է թողել նաև նավթային ոլորտի վրա: ՕՊԵԿ-ի անդամ երկրների նիստում հնչել են կոչեր նավթային շուկան համատեղ ուժերով ՕՊԵԿ-ի ոչ անդամ երկրների հետ բալանսավորելու համար, քանի որ կորոնավիրուսի արդյունքում նավթային շուկայում առաջացել է գերբեռնվածություն:
Այս զարգացումները ցույց են տալիս, որ չկա որևէ տնտեսական ոլորտ, որի վրա չանդրադառնա կորոնավիրուսի պատճառով ստեղծված կացությունը: