Իրադրությունը Սիրիայի Իդլիբի շրջանում շարունակում է մնալ լարված: Սիրիայի հյուսիսային այս շրջանն Ասադին ընդդիմադիր զինյալների վերահսկողության տակ գտնվող վերջին տարածքն է: Թուրքիան և Ռուսաստանը անուղղակիորեն բախվում են այստեղ, քանի որ ռուսական կողմն աջակցում է Սիրիայի կառավարական ուժերին, իսկ Թուրքիան՝ ընդդիմադիր զինյալներին:
Ըստ որոշ աղբյուրների, սիրիական կառավարական ուժերին հաջողվել է վերացնել թուրքական անօդաչու սարք, իսկ թուրքական բանակին` խոցել երկու սիրիկան ռազմական ինքնաթիռ: Կողմերը բախումներում լայնորեն օգտագործում են հրթիռներ և ծանր հրետանի:
Նախօրեին Անկարան կոչ է արել Մոսկվային դադարեցնել աջակցությունը Դամասկոսին: Կրեմլը, սակայն, հայտարարում է, որ իր դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել, և որ Մոսկվան ցանկանում է կյանքի կոչել նախկինում կնքված ռուս-թուրքական պայմանագիրն Իդլիբի հարցում:
Իրադրությունը ծայրաստիճան լարվեց անցած շաբաթ, երբ սիրիական կառավարական ուժերի ռմբակոծության արդյունքում ընդդիմադիր զինյալների հետ մեկտեղ սպանվեցին 34 թուրք զինծառայողներ: Թուրքիան պատասխանեց անօդաչու սարքերի միջոցով հրթիռակոծմամբ, որին զոհ գնացին 19 սիրիացի զինվորարականներ: Դեռևս պարզ չէ, թե որքան հեռու է պատրաստ գնալ Մոսկվան Թուրքիայի հետ հանուն Ասադի:
Նախագահ Պուտինը երկուշաբթի օրը տված հարցազրույցում ընդգծել է, որ ռուսական կողմը չի ցանկանում որևէ մեկի հետ պատերազմել: Սակայն ՌԴ նախագահը շեշտում է, որ Մոսկվան պատրաստվում է ստեղծել համապատասախան պայմաններ, որպեսզի այլ երկրներ ևս չցանկանան պատերազմել Ռուսաստանի դեմ:
Իդլիբի իրավիճակն ու ընդհանուր Սիրիայի շուրջ ստեղծված կացությունը Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդների մարտի 5-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգի գլխավոր հարցերն են: Մի շարք վերլուծաբանների կարծիքով, կողմերը չեն ցանկանում գնալ ուղիղ բախման: Ըստ որոշ կարծիքների, թուրքական զինվորականներին սպանած հրթիռակածությունն իրականացրել են ռուսական ուժերը՝ հաշվի առնելով Դամասկոսի տեխնիկական միջոցների սահմանափակումը, սակայն այն փաստը, որ Անկարան այս հարցում մեղադրել է Ասադին, վկայակոչում է լայնածավալ պատերազմի ցածր հավանականության մասին: