Աֆղանստանում վերջին շրջանում հարաբերական անդորր է: Երկար տարիների պատերազմից հետո հակամարտող կողմերը, ներառյալ Թալիբանը որոշակի չափով պահպանում են խաղաղության ռեժիմը: Այն նպաստում է խաղաղ բնակչության բնականոն կյանքի աստիճանաբար վերականգմանը:
«Նախկինում իմ խանութը փակում էի երեկոյան ժամը 5-ին, իսկ այժմ զինադադարի պայմաններում աշխատում եմ մինչև 6-ը: Բոլորը երջանիկ են: Որևէ կրակոց չենք լսել վերջին օրերի ընթացքում»,- ասում է Դուրան քաղաքում գործող խանութի սեփականատեր Օմեր Խանը:
19 տարվա պատերազմից հետո ԱՄՆ-ը և Թալիբանը եկել են համաձայնության մեկ շաբաթով զինադադար կնքելու մասին: Եթե այն պահպանվի, ապա դրանից հետո կողմերը պայմանավորվել են փետրվարի 29-ին Դոհայում կնքել խաղաղության համաձայնագիր:
Այն կներառի ամերիկյան զորքերի դուրսբերումն Աֆղանստանից, որը նախագահ Թրամփի նախընտրական խոստումներից մեկն է:
Համաձայնագիրը նաև կպարտավորեցնի Թալիբանին բանակցել Աֆղանստանի հակամարտության մյուս կողմերի, ներառյալ պաշտոնական Քաբուլի հետ:
Սակայն Քաբուլում իրադրությունը լարված է՝ կապված նախագահական ընտրությունների հետ, ուր երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Աշրաֆ Ղանին և Աբդուլահ Աբդուլահը իրենց հռչակել են հաղթող: Այս ճգնաժամն ընթանում է այն ժամանակ, երբ անհրաժեշտ է ձևավորել միասնական դիրքորոշում Թալիբանի հետ հետագա բանակցությունների համար: Առանց այն էլ պառակտված աֆղանական քաղաքական դաշտն այժմ է՛լ ավելի տրոհված է:
Վերլուծաբանների կարծիքով այս իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ թալիբների հետ բանակցությունների գործընթացի վրա: