ԱՄՆ-ը ու Հնդկաստանը կստորագրեն առեւտրային խոշոր գործարք

ԱՄՆ-ի նախագահն ու Հնդկաստանի վարչապետը երեքշաբթի օրը հայտարարեցին, որ իրենց երկրներն աշխատում են առեւտրային խոշոր գործարքի վրա: Դոնալդ Թրամփն ու Նարենդրա Մոդին այս մասին ասացին Նյու Դելիում նախորդ օրն անցկացրած հանդիպման արդյունքները հրապարակելու ժամանակ:


Ինչպես Թրամփը հայտարարեց, ‘’Երկու երկրների աշխատանքային խմբերը հսկայական առաջընթաց են գրանցել առեւտրային բազմակողմանի գործարք կազմելու հարցում, եւ ես համոզված եմ, որ կկնքենք երկու կողմերի համար կարեւոր նշանակություն ունեցող պայմանագիր’’:

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Հնդկաստանին 3 միլիարդ դոլարի համարժեք ուղղաթիռներ, ռազմական սարքավորումներ ու տեխնիկա վաճառելու շուրջ ձեռք բերված համաձայնության մասին: Նրա խոսքերով, կողմերն ընդլայնում են համագործակցությունը նաեւ ահաբեկչության դեմ պայքարում, կիբերանվտանգության ու ծովային տարածքների անվտանգության ապահովման հարցերում:


Հնդկաստանի վարչապետ Մոդին ու նախագահ Ռամ Նաթ Քովինդն ավելի վաղ ողջունել էին Թրամփին նախագահական պալատում անցկացված արարողության ժամանակ: Դրանից առաջ Թրամփն ու առաջին տիկինը մասնակցել էին Մահաթմա Գանդիի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողությանը:


Թրամփից առաջ Հնդկաստան են այցելել նրան նախորդած երեք նախագահները, ինչն ապացուցում է, որ Վաշինգտոնը ավելի է թեքվում դեպի Հնդկաստան` այս երկրի հարեւան ու դառը մրցակից Պակիստանից:

Նախորդ օրն էր Թրամփը հայտարարել, թե ‘’Հնդկաստանը միշտ էլ հիացրել է աշխարհին որպես մի երկիր, որտեղ միլիոնավոր ու միլիոնավոր հինդուներ ու մահմեդականներ, սիկխեր ու ջայնիստներ իրենց կրոնն են պաշտում իրար կողք կողքի, ներդաշնակությամբ’’: