ԱՄՆ-ի նախագահի թեկնածության համար պայքարող սենատոր Բերնի Սանդերսը մյուսների նման նախապատրաստվում է Նեվադայում փետրվարի 22-ին կայանալիք նախնական ընտրություններին.
«Սեւ, թե սպիտակ, հնդկացի, թե ասիացի, համասեռական, թե հետերոսեքսուալ՝ բոլորս ամերիկացի ենք եւ բոլորս միասին հաղթելու ենք Թրամփին՝ վերափոխելով երկիրը»:
Այովայում եւ Նյու Հեմփշիրում անցած նախնական ընտրությունների արդյունքներով դեմոկրատների առաջատարներն են Սանդերսը եւ Սաութ Բենդի նախկին քաղաքապետ Փիթ Բութիջեջը.
«Ես անհանգիստ եմ մեր երկրի ապագայի համար, բայց հավատացած եմ՝ դեռ ուշ չէ միավորվել: Հավատում եմ՝ մեզ կհաջողվի հաղթահարել տարաձայնությունները՝ ձուլելով մեծամասնություն, որն Ամերիկայի լավ ապագային է ձգտում»:
Երրորդ տեղում է սենատոր Էմի Քլոբուչարը, ում մեկ շաբաթում հաջողվել է իր նախընտրական հիմնադրամն ավելացնել 12 միլիոն դոլարով.
«Գումարի մեծ մասը ստացվել է հասարակ մարդկանց կողմից, ովքեր համամիտ են իմ գաղափարների հետ՝ համախմբել մարդկանց, Սպիտակ տուն վերադարձնել պարկեշտությունը»:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, ով Այովայում եւ Նյու Հեմփշիրում պարտություն էր կրել, փորձելու է վերականգնել իր դիրքերը Նեվադայի եւ Հյուսիսային Կարոլինայի նախնական ընտրությունների ընթացքում: