ԱՄՆ-ի գլխավոր դատախազը հորդորում է, որ Թրամփը հրաժարվի նախարարության մասին թվիթերյան գրառումներից

ԱՄՆ-ի գլխավոր դատախազը, որը նաեւ համարվում է երկրի արդարադատության նախարարը, հայտարարեց, թե իր նախարարության ու անձնակազմի անդամների մասին նախագահ Թրամփի թվիթերյան գրառումները թույլ չեն տալիս իրեն կատարել իր առջեւ դրված պարտականությունները:
Դոնալդ Թրամփի ամենավստահված պաշտոնյաներից Ուիլյամ Բարրի այս խոստովանությունը հնչում է այն բանից հետո, երբ արդարադատության նախարարությունը, Բարրի գլխավորությամբ, վերանայեց Թրամփի վաղեմի բարեկամ Ռոջեր Ստոունի նկատմամբ կայացված դատավճիռին ու առաջարկեց ավելի մեղմ պատիժ:


Հիշեցնենք, որ Ստոունը մեղադրվում է, 2016 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված, Կոնգրեսին ստելու եւ արդարադատությունը խոչընդոտելու մեջ: Դատախազներն ավելի երկարաժամկեպ պատիժ էին առաջարկել Սոունի համար, որից հետո Թրամփը քննադատել էր այդ որոշումը: Դրանից հետո նախարարարությունը մեղմել էր վճիռը ու առաջ բերել տպավորություն, որ այդ հարցով ճնշում է բանեցվել Սպիտակ տնից:

Զարմանալին այն է, որ Թրամփը շարունակում է պաշտպանել արդարադատության իր նախարարին: Ինչպես Սպիտակ տան մամլո քարտուղար Ստեֆանի Գրիշամն է ասում, նախագահը մտահոգված չէ Բարրի խոսքերով:

Որպես բողոք, Ստոունի գործից ինքնաբացարկ է հայտարարել չորս դատախազ: Ինչպես Բրուքինգզի հաստատությունից Դարել Ուեսթն է ասում, ավանդույթն այն է, որ դատախազները պիտի լինեն քաղաքական իշխանություններից անկախ, որպեսզի դատավարությունները վարեն առանց քաղաքական միջամտության:

Ինչեւէ, Ստոունի վերջնական դատավճռի մասին որոշում կկայացվի դաշնային դատավորներից մեկի նախագահությամբ: Դատը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Ուիլյամ Բարրն էր արդարացրել Դոնալդ Թրամփին, երբ վերջինիս մեղադրում էին արդարադատությունը խոչընդոտելու մեջ: Այժմ Կոնգրեսը պատրաստվում է լսել Բարրի վկայությունները, ինչի նպատակով լսումները նախատեսված են մարտ ամսին: