Լավագույնը դեռ առջեւում է. Սա էր գլխավոր գաղափարը, որը Կոնգրեսում արտասանած իր ամենամյա ուղերձում փորձեց փոխանցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի երեկոյան: State of the Union` «Միության վիճակը» ամենամյա ծրագրային ուղերձում ԱՄՆ-ի նախագահը ներկայացնում է երկրի իրավիճակը եւ բացահայտում իր առաջնահերթությունները:
«Աշխատատեղերն ավելանում են, եկամուտները` աճում, աղքատությունը նվազում է, հանցագործությունների թիվն` իջնում, վաղվա օրվա նկատմամբ վստահությունն ամրապնդվում է: Մեր երկիրը բարգավաճում է ու հարգանք վայելում»:
Նախագահի այս տարվա ուղերձը կենտրոնացած էր չորս հիմնական խնդիրների վրա` տնտեսություն, առողջապահություն, ներգաղթ եւ ազգային անվտանգություն: Անցյալում են այն օրերը, երբ այլ պետություններ բարգավաճում են Ամերիկայի շահերի հաշվին, նշեց Դոնալդ Թրամփը, ավելացնելով, որ իր նախագահության ընթացքում Միացյալ Նահանգներ են վերադարձել բազմաթիվ արտադրություններ, ստեղծելով 7 միլիոն նոր աշխատատեղեր:
Հատուկ հրավիրված հյուրեր, զինծառայողների հետ հարազատների հանդիպումներ եւ պարգեւներ ուղիղ եթերում. Դոնալդ Թրամփի այս տարվա ուղերձը լի էր անակնկալներով: Ուղերձին ներկա առավել անսպասելի հյուրը Հուան Գուայդոն էր, որին Արեւմուտքը ճանաչում է որպես Վենեսուելայի նախագահ: Նրան դիմելով` Սպիտակ տան ղեկավարն ասաց.
«Պարոն նախագահ, փոխանցեք խնդրում եմ Վենեսուելայի ժողովրդին, որ Մադուրոյի իշխանությունը կոտրվելու է եւ անհետանալու»:
Դիմելով Իրանի ղեկավարությանը` Թրամփը կրկին կոչ արեց վերջ տալ միջուկային զենք ստեղծելու «կործանարար» քաղաքականությանը եւ Միացյալ Նահանգների մեկնած ձեռքն ընդունելով` աշխատել սեփական ժողովրդի բարգավաճման համար:
Այս տարվա նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ, հանրապետական Դոնալդ Թրամփն ամեն կերպ փորձեց ընդգծել իր տարբերությունը դեմոկրատ թեկնածուներից. «Սոցիալիզմը քանդում է պետություններ, իսկ ազատությունը` միավորում ոգին»: Ամերիկայում փայփայում են կրոնն ու հավատքը, շեշտեց նախագահ Թրամփը.
«Ամերիկայում մենք չենք պատժում աղոթելու համար, չենք հանում խաչերը, չենք ոչնչացնում հավատքի խորհրդանիշները, չենք հետապնդում հոգեւորականներին: Ամերիկայում մենք ողջունում ենք հավատքը, փայփայում ենք կրոնը»:
Հենց Ամերիկան պետք է լինի առաջին պետությունը, որը կտեղադրի իր դրոշը Մարս մոլորակի վրա, նշեց ԱՄՆ-ի նախագահը: «Չէ որ Ամերիկայում ամենաանհավատալի երազանքներն իրականություն են դառնում», ասաց նա:
«Մենք նայում ենք վաղվա օրվան եւ անսահման հեռանկար տեսնում, որի ճանապարհով դեռ պետք է անցնել: Մեր առավել փայլուն բացահայտումները դեռ արված չեն, մեր առավել ցնցող պատմությունները դեռեւս գրված չեն, մեր առավել վեհ ճանապարհորդությունները դեռեւս իրականացված չեն: Ամերիկայի դարաշրջանը նոր է սկսվում: Մեր ոգին երիտասարդ է, արեւն ընծայում է լույսը եւ լավագույնը դեռ առջեւում է»: