Սենատը լսում է իմփիչմենթի հարցով եզրափակիչ փաստարկները

Մինչ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է երեքշաբթի օրը հանդես գալ նախագահական ամենամյա ուղերձով, երկրի սենատորները երկուշաբթի օրը լսում են նրան իմփիչմենթի ենթարկելու հարցով եզրահանգիչ փաստարկները: Իսկ չորեքշաբթի օրը կկայանա քվեարկություն, որոշելու համար նա մնում է նախագահի պաշտոնին, թե ոչ:


Հիշեցնենք, որ իմփիչմենթի գործընթաց դեմոկրատները սկսեցին, երբ պարզվեց, որ անցյալ տարվա հուլիսի 25-ին Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը նրան խնդրել էր հետաքննություն սկսել քաղաքական իր մրցակցի նկատմամբ, եւ այդ ընթացքում կասեցրել էր այս երկրին ռազմական օգնությունը:

Թրամփին պաշտոնին թողնելու կամ Սպիտակ տնից հեռացնելու կողմնակից սենատորները բաժանվել են ըստ կուսակցական պատկանելության: Եթե հանրապետականներից չորսը մինչեւ վերջերս միացել էին դեմոկրատների այն դիրքորոշմանը, որ հարկավոր էր հրավիրել հավելյալ վկաների, այդ թվում ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին, ապա մի քանի օր առաջ նրանցից երկուսը փոխեցին իրենց դիրքորոշումը հօգուտ հանրապետականների ու կասեցրին նոր վկաների հրավիրելու դեմոկրատների ջանքերը:

Հանրապետականների մեջ կան սենատորներ, ոքվեր նույնպես կարծում են, որ Թրամփը միգուցե ճիշտ չի վարվել, սակայն չեն գտնում, որ նման սխալ քայլը բավարար է երկրի որեւէ նախագահ պաշտոնանկ անելու համար:
Հաշվի առնելով այս հանգամանքը, փորձագետները չեն կարծում, որ չորեքշաբթին կդառնա Սպիտակ տանը Թրամփի աշխատանքային վերջին օրը:

Փորձագետների կարծիքը` կարծիք, սակայն ամեն ինչ իհարկե կասի քվեարկությունը: Այնպես որ, չորեքշաբթի օրը Վաշինգտոնի ժամանակով ժամը 16-ին կսկսվի քվեարկությունը ու դրանից մի քիչ անց պարզ կդառնա Սենատն արդարացնում է Թրամփին, թե պաշտոնանկ անում նրան: