Գլորիա փոթորկի պատճառով ծովի ալիքների բարձրությունը հասել է 15 մետրի

Իսպանիայի կառավարությունն անցկացնում է արտակարգ հանդիպում, երբ ձմեռային ոչ սովորական փոթորիկն այստեղ դարձել մարդկային կյանքերի կորստի պատճառ: Հինգշաբթի օրվա տվյալներով այստեղ գրանցվել է մահացության տասնմեկ դեպք: Ջրհեղեղներ են սկսվել Ֆրանսիայի հարավում:

Գլորիա անվանումը կրող փոթորկի պատճառով առաջ եկած ալիքների բարձրությունը հասել է 15 մետրի: Ջրհեղեղի պատճառով առաջ է եկել մեծ քանակությամբ փրփուռ: Բարսելոնից հարավ ընկած Էբրո գետը վարարել է` վնաս հասցնելով ծովային կենդանատեսակներին: Ծովի աղի ջրերը լցվել են բրնձի դաշտերը: Ու եթե չհաջողվի կարճ ժամանակում դաշտերն ազատել աղի ջրից, կկորչի բերքի քսան տոկոսը:

Գետի դելտայի շրջանում հասցված վնասը դեռեւս կազմում է 10 միլիոն դոլար: Վարչապետ Պեդրո Սանչեզն ասում է, թե կառավարությունը գումար չի խնայի կորած անձանց որոնելու ու փոթորկի հասցրած վնասները վերացնելու համար: Նրա խոսքերով, սա մեկ անգամ եւս խոսում է երկրագնդի ջերմացման վտանգի մասին:

Գլորիա փոթորիկը հասել է նաեւ Ֆրանսիայի հարավային շրջաններ, այստեղ դարձել հորդառատ անձրեւների պատճառ: Անցնող գետի ջրերը լցվել են Կարկասոն քաղաքի փողոցները:

Ինչպես տեղացիներն են ասում, ջրհեղեղի աղմուկը նմանվել է ձիերի քառատրոփ վազքի ձայնին: Անջատվել է էլեկտրասնուցումը: Էգլի գետի վարարման պատճառով Պերպիգնան քաղաքից տարհանվել է ավելի քան 1500 մարդ:

Չնայած գետի ջրի մակարդակը որոշ չափով իջել է, քաղաքի իշխանությունները հայտարարում են, թե վտանգը շարունակվում է, քանի որ տեղումները չեն դադարում: Վտանգը, նրանց խոսքերով, մնում է մեծ, այդ պատճառով տարհանման աշխատանքները պիտի շարունակվեն:

Գլորիան ամենամեծ վնասը հասցրել է Իսպանիայի Վալենսիա ու Բարսելոն քաղաքների ափամերձ հատվածներին, ինչպես նաեւ Բալեարիկ կղզիներին: