Facebook ընկերության փոխնախագահ Նիկոլա Մենդելսոհնի խոսքերով այս տարի ընկերությունը նոր աշխատատեղեր կբացի Լոնդոնում տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում:
Բացի այդ, ընկերությունը նոր աշխատակիցներ կվարձի տեխնիկական անվտանգության զարգացման համար, որոնք Facebook, Messenger, Instagram և WhatsApp պլատֆորմաներից կհանեն վնասակար բովանդակություն ունեցող գրառումները:
Նրա խոսքերով ընկերությունը զարգացնում է իր տեխնոլոգիական ենթակառուցվածքները ԱՄՆ-ից դուրս, մասնավորապես Մեծ Բրիտանիայում: Սակայն այստեղ կարևոր հարցերից է Բրեքզիթի ապագան:
«Ջոնսոնի կառավարությունը հստակ մոտեցումներ ունի այս հարցում, ուստի մենք կշարունակենք ներդրումներ անել Լոնդոնում»,- նշում է փոխնախագահ Մենդելսոհնին:
Մեծ Բրիտանիայի վարչապետն իր հերթին ողջունել է Facebook-ի ընդլայնումը Մեծ Բրիտանիայում՝ այն որակելով «փայլուն լուր»:
Այսօր ընկերության նպատակներից է Facebook-ի նկատմամբ վստահությունը վերականգնելը, որը խարխլվել էր 2018 թվականին Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալից հետո, երբ բրիտանական այս ընկերությունը տեղեկատվություն էր գնել Facebook-ից՝ կապված ընտրողների նախասիրությունների հետ: Մենդելսոհնի կարծիքով վստահության վերականգման համար անհրաժեշտ է ժամանակ:
«Մենք գիտակցում ենք, որ սա կարևոր ընթացող երկխոսություն է , և մենք ցանկանում ենք դրա մասը լինել: Ցանկանում ենք աշխատել քաղաքական գործիչների հետ այս ոլորտում ճիշտ քաղաքականություն մշակելու համար»,- ասում է ընկերության փոխնախագահը:
Facebook-ն այժմ ուսումնասիրություններ է իրականացնում, թե ինչպես են իր պլատֆորմներն անդրադառնում եվրոպական բիզնես միջավայրի վրա: