ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի հարևանությամբ գտնվող Վիրջինիա նահանգում զենքի ազատ կրումը հանրային վայրերում օրինական է: Զենք կրող հազարավոր ցուցարարներ օրերս ժամանեցին Վիրջինիայի մայրաքաղաք Ռիչմոնդ՝ տեղի օրենսդիրներին հիշեցնելու համար, որ ԱՄՆ Սահմանադրությունը ապահովում է զենք կրելու իրավունքը:
Վիրջինիայի իշխանությունները, մտավախություն ունենալով, որ նման միջոցառուները կարող են արյունալի բախման առիթ դառնալ, նահանգում հայտարարեցին արտակարգ դրություն՝ արգելելով զենքի կրումը Վիրջինիայի նահանգային Կոնգրեսի շրջակայքում:
Նահանգն իր էությամբ պահպանողական է, սակայն անցած նոյեմբերին կայացած ընտրություններում դեմոկրատներն իրենց վերահսկողության տակ առան նահանգային խորհրդարանը և հանդես եկան զենք կրելու մասին օրենքները սահմանափակելու օրենսդրական նախաձեռնություններով: Սահմանափակումները վերաբերում էին մի շարք զինատեսակների, զենք գնելու ժամկետներին, ինչպես նաև անձի տեղեկության ստուգմանը:
Հանրահավաքի ընթացքում ոստիկանությունն այստեղ կենտրոնացրել էր մեծ քանակությամբ ուժեր՝ երկու տարի առաջ Շարլոթսվիլում տեղի ունեցած բախումների սցենարից խուսափելու համար: Հիշեցնենք, որ այդ ժամանակ սպիտակ ծայրահեղականների ու նրանց հակառակորդների միջև գրանցված բախման արդյունքում եղավ մեկ զոհ:
Այս միջոցառումները սակայն անցան խաղաղ մթնոլորտում: Զենքի կողմակիցների հանրահավաքին զուգահեռ մի խումբ ուսանողներ, ովքեր կողմնակից են զենքի սահմանափակմանը, Վիրջինիայի տեղական օրենսդիր մարմնում հանդիպում էին նահանգային օրենսդիրներին:
Զենքն ազատ կրելու կողմակիցները խոստանում են, որ իրենց ցասումը կդրսեւորեն հաջորդ ընտրությունների ընթացքում, եթե որևէ օրենսդրական նախաձեռնություն զենքի սահմանափակման մասին ստանա տեղական խորհրդարանի հավանությունը: