Վերլուծաբանները շարունակում են քննարկել Իրանում զանգվածային ցույցերի փաստը, որոնք տեղի ունեցան իրանական հրթիռի կողմից ուկրաինական ինքնաթիռի խոցումից հետո: Ըստ վերլուծաբանների, դեռևս վաղ է որևէ գնահատական տալ, թե արդյոք այդ ցույցերը կարող են ունենալ հետագա զարգացումներ:
«Իմ կարծիքով, այդ բողոքի ցույցերը, որքան էլ որ մեծ լինեն, չեն վերածվի ավելի լուրջ ելույթների»,- ասում է Բրուքինգս հաստատության վերլուծաբան Մայքլ Օհանլոնը:
Սակայն մեծ մասամբ ուսանողների կողմից սկսված այս բողոքի ցույցերի շնորհիվ Իրանի իշխանություններն ընդունեցին ինքնաթիռը խոցելու մեղադրանքը: Ինքնաթիռում էին գտնվում 80-ից ավելի իրանցիներ:
Այս շաբաթ Թեհրանը հայտարարեց մի շարք անձանց ձերբակալության մասին ինքնաթիռի խոցման հետ կապված: Հիշեցնենք, որ ինքնաթիռը խոցվեց այն բանից հետո, երբ իրանական կողմը հրթիռակոծեց Իրաքում ամերիկյան ռազմակայանները՝ ի պատասխան իրանցի գեներալի սպանության:
Իրանում բողոքի ցույցերը մեկնարկեցին Սուլեյմանիի թաղման արարողությունից հետո, որի ընթացքում բազմությունը կոչ էր անում վրեժխնդիր լինել Ամերիկայից գեներալի սպանության համար: Բողոքի ցույցերի ընթացքում գրանցվեցին բախումներ ոստիկանության հետ:
Մինչև այս զարգացումները Իրանում վերջին բողոքի ակցիաները տեղի էին ունեցել, երբ իշխանությունները հայտարարել էին վառելանյութի գների բարձրացման մասին:
«Վարչակարգը ճնշում է բողոքի ցույցերը, երբ դրանցից վտանգ է զգում: Դեռևս պարզ չէ, թե որքանով են այս բողոքի ցույցերը սպառնում վարչակարգին»,- նշում է Վիլյամ Ուեչսլերը՝ Ատլանտյան խորհրդից:
ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատժամիջոցների վերականգնումը զգալիորեն հարվածել է երկրի տնտեսությանը, սակայն միևնույն ժամանակ՝ մեծացրել իրանական հանրության շրջանում հակաամերիկյան տրամադրությունները:
«Իրանցիները կարծում են, որ հայտնվել են ագրեսիվ վարքագիծ ունեցող ԱՄՆ-ի ու բռնաճնշող Իսլամական հանրապետության միջև, և նրանցից ոչ մեկին չի հետաքրքրում իրանցիների ճակատագիրը»,- ընդգծում է Ալի Վաեզը՝ Միջազգային ճգնաժամային խմբից:
Թեհրանը, սակայն, շարունակում է անզիջում դիրքորոշում ցուցաբերել՝ հայտարարելով, որ չի պատրաստվում հետևել միջուկային համաձայնագրի դրույթներին: Այս հայտարարությունը կարող է Իրանի նկատմամբ նոր միջազգային պատժամիջոցների հաստատման առիթ հանդիսանալ: