Պուտինն ու Էրդողանը բացեցին ՝՝Թուրքական հոսք՛՛ գազատարը

Ռուսաստանի նախագահը չորեքշաբթի օրը ժամանեց Ստամբուլ՝ մասնակցելու համար Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ գազատար նոր խողովակաշարի շահագործմանը նվիրված արարողությանը։ ՝՝Թուրքակա հոսք՛՛ անվանումը կրող գազատարը դեպի Ստամբուլ կփոխադրի ռուսական գազը։ 93Օ կիլոմետր ձգվող խողովակաշարը, որն անցնում է Սեւ ծովի հատակով, գազը հասցնելու է դեպի Եվրոպա՝ թույլ տալով Ռուսաստանին կրճատել Ուկրաինայի տարածքով փոխադրումները։


Լինելով ռուսական էներգակիրների գնորդ ու տրանզիտային երկիր, Թուրքիան, շատերի կարծիքով, ամուր դիրքեր ունի երկու երկրների միջեւ հարաբերություններում։ Հարաբերություններ, որոնք այնքան էլ բարվոք վիճակում չեն հատկապես Սիրիայի հետ կապված խնդիրների պատճառով, երբ ռուսների աջակցության պայմաններում Սիրիայի կառավարական ուժերի կողմից իրականացվող գրոհները դարձել են դեպի Թուրքիա արտագաղթող փախստականության աճի պատճառ։
Երկուսի միջեւ մեկ այլ խնդիր է Լիբիան, երբ Էրդողանը զորքեր է ուղարկում այս երկիր՝ ներկա կառավարությանն ի աջակցություն, իսկ Ռուսաստանը՝ պաշտպանում այդ կառավարության դեմ պայքարող Խալիֆա Հաֆթարին։

Սակայն երկու նախագահների միջեւ անձնական կապը եւ մոտավորապես նման խառնվածքը թույլ է տալիս ենթադրել, որ այս հարցերում եւս կողմերը շուտով կգան համաձայնության։ Ինչպես վերլուծաբաններն են ասում, երկու այս առաջնորդները շատ հաճախ են մերձենում ու հեշտությամբ հաշտվում։
Դրա ապացույցներից մեկն այսօր նրանց համատեղ հայտարարությունն է, որով կոչ են անում Լիբիայում հաստատել հրադադար։


Ստամբուլն այսօր հայտնվել է ձնաբքի պայմաններում, ինչի հետեւանքով ռուսական նավերը չեն կարողանում մոտենալ ափին։ Սակայն Էրդողանի ու Պուտինի միջեւ բանակցությունների համար, նման եղանակները չեն ազդում ոչ բառի բուն, ոչ էլ՝ փոխաբերական իմաստներով։