Թուրքիան որոշեց զորքեր տեղակայել Լիբիայում

Թուրքիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հինգշաբթի օրն ընդունեց որոշում, որը թույլ է տալի ս զորքեր տեղակայել Լիբիայում` պաշտպանելու համար այս երկրի կառավարությանը: Այդ խնդրանքով Թուրքիային էր դիմել Լիբիայի վարչապետ Ֆայեզ ալ-Սերաջը, քանի որ երկրի արեւելյան հատվածներում գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերը հեռու չեն մայրաքաղաքը գրավելուց:

Էրդողանն ու Սարաջը վերջերս էին ստորագրել գործարք, որը թույլ է տալիս թուրքերին ռազմական ուժեր տեղակայել այստեղ:

Անկարան գտնում է, որ Լիբիայի կառավարությանը սպառնացող վտանգը վնասում է նաեւ այս տարածաշրջանում խաղաղությանն ու իր անվտանգությանը: Նման պատճառաբանությամբ Էրդողանը ժամանակին ռազմական ներխուժում իրականացրեց դեպի Սիրիա: Լիբիա զորքեր մտցնելու որոշումը մեկ անգամ եւս շեշտում է Թուրքիայի ազդեցության լծակները մեծացնելու Էրդողանի կիրքը:


Լիբիայի խնդիրն անցյալ ամիս քննարկման առարկա էր դարձել ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների միջեւ: Թրամփը հինգշաբթի օրը հեռաձայնել է Էրդողանին ու ասել, որ ‘’օտար միջամտությունը բարդացնում է իրադրությունը’’:

Ինչպես Լիբիայի արեւելյան հատվածը վերահսկող Լիբիայի ազգային բանակի հրամանատարներից գեներալ Ահմեդ ալ Մեսմարին է ասում, ‘’Էրդողանն այժմ ուզում է մեկ գնդակով երկու նապաստակ խփել, ահաբեկիչներին փոխադրելով Լիբիա, փոխարենը դրանց Թուրքիայում պահելուն’’: Նրա խոսքերով, եթե Թուրքիան հաջողության հասնի Լիբիայում, կսկսի վերահսկել այս երկրի հարստություններն ու նավթի եւ գազի պաշարները: ‘’Թուրքիան այստեղ կհաստատի հարեւան երկրներին մոտ գտնվող հենակետ’’, ասում է գեներալը:

Եգիպտոսի արտգործանախարարությունը խստորեն դատապարտել է Լիբիայում զորքեր տեղակայելու Թուրքիայի խորհրդարանի որոշումը ու հայտարարել, թե Թուրքիան է կրելու միջերկրածովյան տարածաշրջանում հնարավոր անկայունության ու բացասական բոլոր հետեւանքների պատասխանատվությունը: Արաբական լիգան էլ այս հարցով արտակարգ հանդիպում է հրավիրել Կահիրեում:

Ասենք, որ Հաֆթարի Լիբիայի ազգային բանակն աջակցություն է ստանում Թուրքիայի մրցակիցներ Եգպիտոսից, Սաուդյան Արաբիայից ու Արաբական Միացյալ Էմիրություններից, ինչպես նաեւ Ֆրանսիայից ու Ռուսաստանից: Սարաջի կառավարությունը վերահսկում է երկրի արեւմտյան որոշ հատվածներ ու վայելում Թուրքիայի, Քաթարի ու Իտալիայի աջակցությունը: