Ջերմոցային գազերի արտանետման ծավալները չեն կրճատվում աշխարհի մասշտաբով

ԱՄՆ-ի ածուխ արդյունահանող երեք ամենախոշոր ընկերություններն անցնող տարվա ընթացքում սնանկացել են: Սա եւս մեկ անգամ ընգծում է արդյունաբերության այս ճյուղի անկման փաստը: 2008 թվականից ի վեր այստեղ ածխի արդյունահանման ծավալները կրճատվել են ավելի քան մեկ երրորդով: Սպասվում է, որ այս տենդենցը կշարունակվի:

Ինչպես այս բնագավառի պատասխանատուներից Չարլզ Սնեվլին է ասում, այս ճյուղի անկման արագությունը լինելու է ավելի մեծ, քան իրենք կանխատեսում էին անցյալում:

Նախընտրական իր արշավի ժամանակ Դոնալդ Թրամփը 2016 թվականին խոստանում էր վերակենդանացնել ածխարդյունաբերությունը: Նախագահ ընտրվելուց հետո այդ նպատակով նա մեղմեց այս ճյուղի համար նախատեսված կանոնները եւ սահմանված խիստ օրենքները:

Սակայն ածխով աշխատող էլեկտրակայանները շարունակում են փակվել երկրի տարբեր հատվածներում:

Մյուս կողմից, հորատման նոր տեխնոլոգիաների կիրառումը դարձել է բնական գազի գների անկման պատճառ: Ավելի էժան է դարձել արեւգակնային ու քամու ուժով աշխատող էլեկտրականությունը: Ինչպես վերլուծաբաններից Ռոբերտ Գոդբին է ասում, ածխին արեգակն ու քամին շատ ավելի մեծ արագությամբ են մի կողմ նետում, քան ակնկալվում էր նախկինում:

Հակառակ նախագահ Թրամփի ջանքերին, կրճատվում են նաեւ ածխի արդյունաբերության բնագավառում աշխատատեղերը: Արդյունքում, ասում են մասնագետները, անցնող մեկ տարվա ընթացքում մոտ մեկ տոկոսով նվազել են ածխից արտանետումների ծավալները: Նրանցից Ռոբ Ջեքսոնի խոսքերով, մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ում ու Եվրոպայում ածխի կիրառման ծավալներն անկում են ապրել տասը տոկոսով:

Սակայն սրան հակառակ, ածխի կիրառումն աճել է Հնդկաստանում ու Չինաստանում: Դրա արդյունքում է, որ ընդհանուր առումով աշխարհում ածխից արտանետումների ծավալները գրանցել են միայն չնչիչ նվազում: Բացի այդ, երկու այս երկրները ծրագրում են կառուցել ածխով աշխատաող նոր կայաններ: Միակ հուսադրող փաստն այն է, որ այդ կայանները ածխաթթու գազ գուցե արդեն շատ չարտադրեն, քանի որ այստեղ կան այնքան մեծ թվով կայաններ, որ դրանց գործարկման անհրաժեշտություն այլեւս չլինի:

Սակայն չնայած ածխի կիրառումից արտանետումների ծավալների կրճատման փաստին, մեծանում են բենզինի ու գազի այրումից արտանետումների ծավալները: Այնպես որ, ջերմոցային այս գազերի արտանետումները շարունակում են մեծապես վնասել երկրագնդի առողջությանը, շարունակելով բարձրացնել մեր մոլորակի ջերմությունը:


Մեզ բոլորիս պատկանող մոլորակի առողջությունը բարելավելու համար, ասում են փորձագետները, պիտի այս խնդրին լրջորեն մոտենան բոլոր երկրներն ու կառավարությունները: