Միացյալ Նահանգների պաշտոնական տվյալների համաձայն, 2019-ին ԱՄՆ-ի տուրիստական վիզայի դիմելիս առավել շատ մերժում են ստացել Հյուսիսային Կորեայի, Միկրոնեզիայի Միության եւ Պալաուի Հանրապետության քաղաքացիները: Այս պետությունների՝ առանց բացառության բոլոր քաղաքացիները, ովքեր դիմել էին 2019-ին ԱՄՆ-ի վիզայի համար, ստացել են մերժում:
Լավ վիճակում չեն նաեւ Լիբիայի, Իրանի, Սոմալիի, Սիրիայի, Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ մի շարք այլ երկրների բնակիչները: Այս երկրների քաղաքացիների երկու երրորդից ավելին մերժում է ստացել Միացյալ Նահանգների տուրիստական վիզայի համար դիմելիս:
Ամերիկա որպես տուրիստ մեկնելու ցանկություն ունեցող Վրաստանի, Կոնգոյի, Հաիթիի, Հոնդուրասի, Նիգերիայի, Տաջիկստանի բնակիչների 60 տոկոսից ավելին մերժում են ստանում դեսպանություններում:
Փոքր-ինչ ավելի լավ վիճակում են Հայաստանի, Ուկրաինայի, Կուբայի, Իրաքի, Քենյայի, Մոլդովայի, ու Պակիստանի քաղաքացիները: Այս երկրներից ԱՄՆ-ի տուրիստական վիզայի համար դիմած քաղաքացիների շուրջ կեսի դիմումները դրական պատասխան են ստանում:
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի տուրիստական վիզայի համար դիմած Ադրբեջանի քաղաքացիների միայն քառորդն է մերժում ստանում:
Առավել հեշտ են ԱՄՆ-ի տուրիստական վիզաներ տրվել 2019-ին Արգենտինայի, Կիպրոսի, Հոնկոնգի ու Քուվեյթի քաղաքացիներին: Այս երկրներում մերժումների թիվը չի գերազանցում 5 տոկոսը: Իսկ ահա Արեւմտյան Սահարայի քաղաքացիներից եւ ոչ մեկի դիմումը 2019-ին ԱՄՆ-ի դեսպանատներում չեն մերժել:
Միացյալ Նահանգներ մուտքի համար տուրիստական վիզա չի պահանջվում 39 երկրների քաղաքացիների համար, այդ թվում՝ Եվրամիության մի շարք անդամների, Ավստրալիայի, Սինգապուրի, Նոր Զելանդիայի ու մի շարք այլ երկրների: