Մադրիդում ընթացող կլիմայի հարցերով ՄԱԿ-ի 25րդ համաժողովի ընթացքում մի խումբ բողոքավորներ պահանջում են Ճապոնիայից փակել ածխով աշխատող ջերմակայանը: Մադրիդի համաժողովից առաջ Տոկիոյում և մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան բողոքի զանգվածային ցույցեր, որոնց մասնակիցների մեծ մասը երիտասարդներ են:
Մադրիդում ընթացող համաժողովին ի պաշտպանություն ցուցարարների ելույթով հանդես եկան հայտնի դերասաններ ու գործիչներ: Դերասան Հարիսոն Ֆորդը կոչ արեց ականջալուր լինել երիտասարների պահանջներին ու քննադատեց ԱՄՆ վարչակազմի մտադրությունը 2016 թվականի Փարիզի համաձայնագիրը լքելու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը կլիմայի փոփոխության հարցում քննադատեց նաև նախագահի թեկնածու, գործարար Մայքլ Բլումբերգը:
«Ցանկանում եմ, որ բոլորը իմանան, որ ամերիկացիները շարունակում են աշխատել այս հարցի շուրջ՝ չնայած այս հարցում ժխտողական դիրք զբաղեցրած Սպիտակ տանը»,- ասել է Բլումբերգը:
Օբամայի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ջոն Քերին էլ իր հիասթափությունն է արտահայտել կլիմայի փոփոխության հարցում առաջընթացի բացակայության վերաբերյալ: Նա ևս քննադատեց նախագահ Թրամփի՝ այս ուղղությամբ վարած քաղաքականությունը և ընդգծեց, որ ոչ մի երկիր այդպես էլ չի կատարել Փարիզի համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները: Ավելին՝ խոշոր արդյունաբերող երկրներից Չինաստանը, Հնդկաստանն ու ԱՄՆ իրենց հերթին ավելացրել են ածխաթթու գազերի արտանետումները: