Կիևում օրերս ընթացել են բողոքի ցույցեր, որի ընթացքում հանրահավաքների մասնակիցները քննադատել են նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կարգադրությունը՝ ուկրաինական զորքերը առաջնագծից հեռացնելու մասին: Դա Կիևում շատերի մոտ դիտարկվել է որպես թուլության նշան:
Մտահոգություն են հայտնում նաև պատերազմի մասնակից ուկրաինացի զինվորականները:
«Ես վախենում եմ, որ կարող ենք վերջնականապես կորցնել այս տարածքները: Իմ ընկերը զոհվել է՝ կռվելով հանուն դրանց: Այդ տարածների վերադարձը շատ դժվար էր, ուստի պատրաստ չեմ զիջել դրանք»,- ասում է ուկրաինական բանակի կրտսեր սպա Ֆաինան:
Այս պահին Արևելյան Ուկրաինայի հակամարտության զոհերի թիվն անցել է 13 հազարը: Նախագահ Զելենսկին ասել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմը բանակցությունների միջոցով: Ռուսաստանը համաձայն է , սակայն պայմանով, որ Կիևը դուրս բերի զորքերը Արևելյան Ուկրաինայի Ստանիցա Լուգանսկ, Պետրիվսկե և Զոլոտե քաղաքներից: Շատերը Ուկրաինայում դա գնահատեցին թուլության դրսևորում, սակայն նախագահ Զելենսկին ասում է, որ բանակցություններն արդեն մեծ քայլ են առաջ:
«Հանդիպումն ինքնին արդեն հաղթանակ է, քանի որ մենք վերսկսեցինք երկխոսությունը, որը դադարել էր 2016 թվականից ի վեր՝ հնարավորություն չտալով բանակցել պատերազմի դադարեցման շուրջ»,- ասել է Զելենսկին:
Նախքան բանակցություների մեկնելը Ուկրաինայի նախագահը բացառել է որևէ ճնշում իր նկատմամբ և ընդգծել, որ ցականում է բանակցել հավասարը հավասարի պես խոշոր տերությունների ղեկավարների հետ:
Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փարիզյան գագաթաժողովից հետո մեկնեց Վաշինգտոն ԱՄՆ ղեկավարության հետ հանդիպելու համար: Ուկրաինայի հակամարտության քննարկումն այս հանդիպումների առաջնային օրակարգում է: