Դեմոկրատները պատրաստում են պաշտոնական մեղադրանքներ, Թրամփը` սպասում Սենատում իր հաղթանակին

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովը երկուշաբթի օրը ներկայացրեց իմփիչմենթի հարցով լսումների եզրակացությունը, ինչը հիմք է նախապատրաստում Դոնալդ Թրամփի դեմ պաշտոնական մեղադրանքներ ներկայացնելու համար:

Սակայն հանրապետականները պնդում են, թե դեմոկրատների կազմած գործը թույլ է: Նրանցից Դագ Քոլինզի խոսքերով, չկա հանցագործություն: ‘’Դեմոկրատների միակ նպատակը նախագահի վերընտրությունը կանխելն է’’, ասում է նա:
Հանրապետականների իրավական հարցերով խորհրդական Սթիվըն Քասթորի խոսքերով էլ, դեմոկրատները պարզապես ուզում են ստվեր նետել 2016-ի նախագահական ընտրությունների վրա: ‘’Նրանք ուզում են իմփիչմենթի ենթարկել նախագահին միայն այն բանի համար, որ համամիտ չեն նրա քաղաքականությանը’’, ասում է նա, երբ հանձնաժողովի նախագահը պնդում է, թե Ուկրաինայի նախագահի հետ Թրամփի հեռախոսազրույցն իմփիչմենթի համար անհրաժեշտ արդեն մի քանի հանցագործություն է պարունակում: Նրա խոսքերով, դրանց շարքում են իշխանության չարաշահումը, ազգային անվտանգության անտեսումը եւ ընտրություններում կոռուպցիան:


Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներն այժմ ունեն յոթ օր, այս մեղադրանքները քվեարկության դնելու համար:
Թրամփը դիտել է վերջին լսումները ու այն անվանել ‘’խայտառակություն երկրի համար’’, ինչը, ասում է նա, հարկավոր է կանգնեցնել:

Նա ուզում է տեսնել, թե ինչպես է իմփիչմենթի գործը փոխանցվում Կոնգրեսի վերին պալատին’ Սենատին: Նա այս մասին ասում է քմծիծաղով, քանի որ գիտի, որ հանրապետական մեծամասնություն ունեցող այս պալատում իմփիչմենթի գործընթացը կհասնի իր վերջին կանգառին: