ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեքշաբթի կընդունի իր ռուս գործընկերոջը ՝ Սերգեյ Լավրովին: Դրա մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Սա Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի առաջին այցն է Վաշինգտոն 2017 թ-ից ի վեր:
Սպասվող հանդիպման վերաբերյալ կարճ հաղորդագրության մեջ ԱՄՆ պետքարտուղարությունը նշում է, որ Պոմպեոն և Լավրովը «կքննարկեն տարածաշրջանային և երկկողմ հարցերի լայն շրջանակ»:
Ուրբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչն ասել է, որ հանդիպումը նախատեսված է երեքշաբթի օրը:
Չի բացառվում, որ օրակարգի հիմնական հարցերը կներառեն Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունները: Հանդիպումը Վաշինգտոնում տեղի է ունենալու Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու Ուկրաինայի արևելքում հակամարտության շուրջ բանակցություններից անմիջապես հետո, որը տեղի կունենա երկուշաբթի օրը Փարիզում:
Իրանի և Հյուսիսային Կորեայի հիմնախնդիրները ևս ընդհանուր մտահոգություն են առաջացնում Վաշինգտոնում և Մոսկվայում:
Պոմպեոն և Լավրովը հանդիպեցին սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանի շրջանակներում:
Լավրովը սակայն պաշտոնական այց չի կատարել ԱՄՆ մայրաքաղաք Սպիտակ տանը նախագահ Թրամփի հետ 2017 թ-ի մայիսին ունեցած իր հանդիպումից հետո, որին հաջորդել էին մեղադրանքներ, որ ամերիկյան առաջնորդը գաղտնի տեղեկատվություն է բացահայտել այս հանդիպման ընթացքում: Մամուլում լայն տարածում էին գտել հանդիպման վերաբերյալ հրապարակված լուսանկարները, ուր Լավրովը, Թրամփը և Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը, ով հետագայում հեռացվեց պաշտոնից, ինչ-որ բանի շուրջ ծիծաղում են:
ԱՄՆ հետախուզությունը եզրակացրեց, որ Մոսկվան միջամտել է 2016 թ-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ի օգուտ Թրամփի թեկնածության: Այնուամենայնիվ, հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը եզրակացրեց, որ ապացույցները բավարար չեն պնդելու համար, որ Թրամփի շտաբը կապի մեջ է եղել Ռուսաստանի իշխանությունների հետ:
Մյուլերի զեկույցը չի եզրակացրել, որ նախագահ Թրամփը հանցանք է գործել, սակայն այն նաև լիովին չի արդարացրել նախագահին:
«Եթե փաստերը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո մենք վստահ լինեինք, որ նախագահը ակնհայտորեն չի խոչընդոտել արդարադատությանը, մենք այդպես կասեինք: Սակայն, հիմնվելով փաստերի վրա, մենք չենք կարող գալ այդպիսի եզրակացության», - ասված է Մյուլերի երկար սպասված զեկույցում: