Նիգերիայի հյուսիսում մարդիկ խստորեն հետևում են Իսլամի կանոններին, որոնցից է նաև հարսանեկան արարողությունից առաջ հարսնացուի մարմինը հինայով զարդարելը: Հարսանեկան մեկ այլ կարևոր ավանդույթ է նաև այսպես կոչված «Հարսի գինը», այսինքն՝ փեսայի կողմից հարսնացուի ծնողներին տրվող գումարը:
«Իսլամի կանոնների համաձայն «Հարսի գինը» պետք է վճարվի նախքան ամուսնությունը: «Հարսի գին» ավանդույթը սկսվել է Մուհամեդ մարգարեի օրերից և մենք այն շարունակում ենք»,- ասում է հարսնացու Սաադատու Ահմեդ Մանգան:
Սակայն այժմ շատ նիգերիացիներ քննադատում են այս ավանդույթը՝ ասելով, որ այն անհարգալից է և գին է դնում կանանց վրա:
«Հարսի գինը» որոշում են հարսի և փեսայի տղամարդ հարազատները, կանանց դուրս թողնելով այս քննարկումներից:
Your browser doesn’t support HTML5
Միայն վերջերս Նիգերիայում 17 ամյա մի աղջիկ ամոթից իրեն հրկիզեց, քանզի նրա ընկերը չեր կարող վճարել իր ընտանիքի սահմանած «Հարսի գինը», որը չէր էլ հասնում 50 դոլարի:
«Սկզբում «Հարսի գինը» պարզապես ապագա բարեկամների միջև քաղաքավարության նշան էր: Դրանք փոքր ժեստեր էին, որոնք բոլորը կարող էին իրենց թույլ տալ: Հետզհետե այն ձևափոխվել է և վերածվել գործարքի, որը մարդկանց դասակարգում է»,- ասում է Զույգերի փոխհարաբերությունների հարցերով խորհրդատու Ֆիյաբինա Պենուալը:
Սակայն աֆրիկացի գրականագետ դոկտոր Ագաթա Ուկատայի կարծիքով, սուր ֆեմինիստներն են ավանդույթը քննադատության ենթարկում: Նա նաև հավելում է, որ Արևմտյան երկրները չեն հասկանում ավանդույթը:
«Արևմտյան երկրներում մշակութային շոկ է առաջանում, քանի որ, «Հարսի գինը» ավանդույթի մասին լսելիս, նրանք մտածում են, թե կնոջը գնում են: Դա ինչոր մեկին գնել չէ, այլ սիրո խորհրդանիշ է»,- ասում է նա:
«Հարսի գինը» տարբերվում է օժիտ տալու ավանդույթից, որի ժամանակ հարսի ընտանիքն է փեսայի ընտանիքին ունեցվածք փոխանցում: Նիգերիացիների մեծ մասը պահպանում է «Հարսի գին» ավանդույթը, ասելով, որ ի տարբերություն օժիտ տալու ավանդույթին, այն ընդգծում է կնոջ արժեքը: