Կանանց դեմ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումները բազմազան էին: Բելգիայում օրինակ՝ կարմիր կոշիկների ցուցադրությունը խորհրդանշում էր բռնության արդյունքում զոհված կանանց:
ՄԱԿ-ը կրկին հիշեցրերց, որ համաշխարհային խաղաղության և անվտանգության հասնելու համար անհրաժեշտ է վերացնել կանանց դեմ բռնությունը:
«Կանանց դեմ բռնության մշակույթը լուրջ խոչընդոտ է հանդիսանում աղքատության նվազեման և համընդհանուր զարգացման համար: Բռնությունը խոչընդոտում է կանանց ներգրավվածությանը հասարակության բոլոր հատվածներում»,- ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի գործադիր գրասենյակի ներկայացուցիչ Մարիա Լուիզա Ռիբերիո Վիոտտին:
Your browser doesn’t support HTML5
Այս առիթով Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է կանանց պաշտպանությանն ուղղված նոր ծրագրի մեկնարկի մասին:
«Մյուս տարի կառավարությունը ավելի քան 1 միլիարդ եվրո կտրամադրի տղամարդկանց և կանանց միջև հավասարությանն ուղղված ծրագրերի համար: Որից 360 միլիոնը կտրամադրվի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի գործին»,- ասել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:
Ինտերպոլը հայտարարել է, որ յուրաքանչյուրի պարտքն է կանանց և աղջիկների թրաֆիքինգի ականատես լինելիս հայտնել այդ մասին:
«Թրաֆիքինգի զոհերի 71 տոկոսը կանայք ու աղջիկներն են: Ինտերպոլը հիշեցնում է, որ հետախուզման մեջ գտնվողներին պատասխանատվության ենթարկելը միջազգային իրավապահ համագործակցության հիմնարար գործառույթներից է»,- ասում է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Սթոքը:
Այս կապակցությամբ Նիգերիան գործարկել է սեռական հանցագործների իր առաջին ազգային ցուցակը: Իսկ ահա Իսպանիայում մի քանի քաղաքական գործիչներ հրաժարվել են ստորագրել կանանց դեմ բռնությունը դատապարտող հռչակագիրը: Թուրքիայում, նախ արգելել են այս թեմայի շուրջ ցույցերը, ապա թույլատրել են դրանց անցկացումը սահմանափակ տարածքներում և այդ տարածքից շեղվողների դեմ արցունքաբեր գազ են օգտագործել: