Իսրայելի գլխավոր դատախազը հինգշաբթի օրը ներկայացրեց մեղադրանքներ ընդդեմ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի:
Նեթանյահուն անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ իր դեմ կազմակերպում են հեղաշրջում: Նեթանյահուի դեմ կաշառակերության, կեղծիքների ու ճշմարտությունը կոծկելու մասին մեղադրանքներ եղել են արդեն երկար ժամանակ: Իսկ նա իր աջակիցներին փորձում է վստահեցնել, որ երկրի քաղաքական ամբողջ համակարգն է գտնվում կոռուպցիայի ու քաղաքական կողմնակալության մթնոլորտում: ‘’Դա չտեսնելու համար, հարկավոր է կույր լինել’’, ասում է նա:
Նեթանյահուի աջակիցները, դատախազի հայտարարությունը լսելուց հետո դուրս են եկել պաշտպանելու վարչապետին: ‘’Շինծու մեղադրանքները տապալվելու են’’, ասում են նրանք:
Սակայն մեծ է այն իսրայելցիների թիվը, ովքեր ասում են, թե ժամանակն է, որ Նեթանյահուն հրաժարվի պաշտոնից:
‘’Պարզապես չես կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է վարչապետը շարունակել պաշտոնավարումը, երբ իր նկատմամբ ներկայացված են օրենքները ոտնահարելու մասին նման մեղադրանքներ: Նա պիտի կանգնի դատարանի առջեւ: Նա պիտի գնա բանտ’’, ասում են նրանք:
Իսրայելում ամենաերկարը պաշտոնավարած վարչապետ Նեթանյահուին չհաջողվեց այս տարվա ընթացքում անցկացված երկու ընտրություններից հետո կազմել կոալիցիոն կառավարություն: Եվ հիմա հարուցված մեղադրանքներն ավելի են ցնցում նրա իշխանությունը: Մարդիկ դժգոհ են, որ արդեն մեկ տարի, երկիրը չունի կառավարություն: ‘’Հուսաթափող հանգամանք է’’, ասում են նրանք ու ավելացնում, թե Նեթանյահուի օրոք մի իրադրություն է, երբ երրորդ անգամ ընտրություններ անցկացնելուց հետո նորից կառավարություն չի կազմվելու:
Հինգշաբթի օրը դատախազի հայտարարությունն է՛լ ավելի է բարդացնում Իսրայելի առանց այն էլ կաթվածահար եղած քաղաքական համակարգը, որտեղ ո՛չ Նեթանյահուն ո՛չ էլ նրա մրցակից Բեննի Գանցը չեն կարողանում կազմել կառավարություն: Հաջորդ ընտրություններն անցկացվելու են այս տարեվերջին: Թե ինչ կտա այն, դժվար է ասել: