Ժողովրդի ուժեղ ճնշման ներքո կիրակի օրը հրաժարական է ներկայացրել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը։ Բողոքի ցույցերն ընդդեմ նախագահի սկսվել էին անցյալ ամիս անցկացված ընտրություններից հետո ու շարունակվել մի քանի շաբաթ։ Նախագահի հետ հրաժարական է ներկայացրել նաեւ երկրի փոխնախագահը։
Հանդես գալով հեռուստատեսությամբ՝ Մորալեսն ասել է. ՝՝Մենք հրաժարական ենք ներկայացնում, այնպես, որ ղեկավար պաշտոններում մեր քույրերն ու եղբայրները, սոցիալիստական շարժման իշխանությունները չդատապարտվեն ու չենթարկվելն սպառնալիքների՛՛։
Նույն օրն ավելի վաղ Մորալեսը համաձայնվել էր հրավիրել նոր ընտրություններ, երբ Ամերիկայի պետությունների կազմակերպությունը հրապարակել էր ընտրությունների վերաբերյալ զեկույց, որտեղ ասված է, թե ընտրություններում տեղ են գտել մեծ անօրինականություններ։
Դրանից մի քանի ժամ անց երկրի զինված ուժերի հրամանատարը հայտարարել էր, թե միայն նոր ընտրություններ հրավիրելը բավարար չէ։
Նախագահ Մորալեսը հոկտեմբերյան ընտրություններում նպատակ ուներ ստանալ առնվազն տասը տոկոսի առավելություն, որպեսզի խուսափեր ընտրությունների երկրորդ փուլից։ Սակայն նախնական արդյունքները ցույց էին տվել, որ նա չունի այդ տասը տոկոսի առավելությունը եւ որ դեկտեմբեր ամսին երկրորդ փուլում պիտի պայքարի ընդդեմ իր գլխավոր մրցակից, նախկին նախագահ Կարլոս Մեսայի։
Տասներեք տարի նախագահի աթոռը զբաղեցրած Էվո Մորալեսը հրաժարվեց պաշտոնից ժողովրդական ճնշման ու բանակի պարտադրանքի ներքո։