Իրանի միջուկային գերատեսչությունը հայտարարություն է տարածել, ուր տեղեկացնում է, որ սկսել է ուրանի հարստացման գործընթացը, որին ականատես էին ՄԱԿ-ի միջուկային կառույցի փորձագետները:
Իրանը տեղեկացնում է, որ նախատեսում է հարստացնել այն մինչև 4,5 տոկոս, որը փոքր ինչ ավելի է, քան թույլատրում է 2015 թվականի համաձայնագիրը:
Թեհրանը նաև մեծացրել է հարստացվող նյութերի քանակը՝ անցնելով սահմանված չափաբաժինը, և հայտարարել ավելի զարգացած ցենտրիֆուգերի օգտագործման մասին:
2015 թ. միջուկային համաձայնագիրը միտված էր փարատելու արևմտյան երկրների անհանգստությունը Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու հեռանկարի շուրջ: Թեհրանը հերքում է զենք ստեղծելու մտադրությունը՝ ընդգծելով, որ միջուկային ծրագիրը պետք է ծառայի խաղաղ նպատակների: Նշենք որ մինչև 4,5 տոկոս հարստացումը դեռևս բավարար չէ միջուկային զենք ստեղծելու համար:
Միջուկային էներգիայի միջազգայինն գործակալությունը հինգշաբթի օրը հանդիպում է հրավիրել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ և իր փորձագետներին կարգադրել հետևել Իրանի համապատասխանությանը 2015 թվականի համաձայնագրին:
Նախքան նախագահ Թրամփի՝ ԱՄՆ դուրս բերումը 2015 թվականի համաձայնագրից, միջուկային գործակալությունը տեղեկացրել էր, որ Իրանը հետեւում է համաձայնագրին: Նախագահ Թրամփը սակայն հայտարարել է, որ համաձայնագրի դրույթները բավարար չեն Իրանին միջուկային զենք ստեղծելուց հետ պահելու համար: Որին հաջորդեցին Վաշինգտոնի կողմից սահմանված նոր պատժամիջոցները:
Հիշեցնենք, որ համաձայնագրի մնացած կողմերն են Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան և Ֆրանսիան, որոնք ջանքեր են գործադրում պայմանագիրը պահպանելու ուղղությամբ: