Նահանգային ընտրություններում դեմոկրատները գրանցել են նկատելի հաղթանակ

ԱՄՆ-ի նահանգային ընտրություններում դեմոկրատ թեկնածուները գրանցել են նկատելի հաղթանակ։ Քենթաքիի նահանգապետի ընտրություններում հաղթանակ է գրանցել դեմոկրատ Էնդի Բեշիրը՝ դժվարին պայքար ծավալելով հանրապետական նահանգապետ Մեթ Բեյվինի նկատմամբ։ Վերջնական հաշվարկի համաձայն Բեշիրը ստացել է Օ.4 ձայների առավելություն։ 52-ամյա Բեյվինը հայտարարել է, թե չի ընդունում պարտությունը՝ պնդելով, թե ընտրություններում տեղի են ունեցել խախտումներ։ Գլխավոր դատախազի պաշտոնը մինչ այժմ զբաղեցնող 41-ամյա Բեշիրը, որի հայրը ժամանակին եղել է այս նահանգի նահանգապետը, պատասխանել է՝ ասելով, թե ինքը պատրաստ է պայքարել նաեւ այդ ուղղությամբ։

Քենթաքի նահանգում հանրապետական թեկնածուի պարտությունը նախագահ Թրամփի համար կարող է համարվել մեծ կորուստ։ Նրա խոսքերով, Բեշիրը նահանգը կառավարելու համար ՝՝շատ վտանգավոր՛՛ կերպար է։ Սակայն Թրամփի կուսակից Բեյվինը, ըստ հարցումների, երկրում ամենաքիչ ժողովրդականություն վայելող նահանգապետն էր։

Հանրապետականներին այս նահանգում հաջողվել է պահպանել իրենց տեղերը մի շարք այլ պաշտոններում, այդ թվում՝ նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը։

Միսսիսիպիում հանրապետականներին հաջողվել է պահպանել նահանգապետի պաշտոնը։

Այլ հաղորդագրությունների համաձայն, անցած 2Օ տարիների ընթացքում առաջին անգամը լինելով, դեմոկրատները իրենց լիակատար վերահսկողությունն են հաստատել Վիրջինիա նահանգի օրենսդիր մարմնում, ինչը նշանակում է, որ նրանք կարող են ընդունել զենքերը վերահսկելու ավելի խիստ օրենքներ, ինչպես նաեւ՝ իրականացնել բժշկական ապահովագրության բնագավառում բարեփոխումներ։