ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, ուր մեծամասնություն են կազմում դեմոկրատները, օրերս կողմ քվեակեց իմպիչմենտի գործընթացի մեկնարկին:
Դեմոկրատների մեծ մասը պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորությամբ համոզված են, որ նախագահ Թրամփը չարաշահել է իր իշխանությունը՝ ստիպելով Ուկրաինայի ղեկավարին հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդ նախկին փոխնախագահ Բայդենի դեմ:
Հանրապետականները սակայն միավորված են ընդդեմ իմպիչմենտի գործընթացի ՝ ընդգծելով, որ դեմոկրատները փորձում են ռևանշ վերցնել Թրամփի 2016 թվականի հաղթանակից:
Իր հերթին նախագահ Թրամփն այս զարգացումները որակել է «վհուկների որս»: Նրա կարծիքով դա նրան վարկաբեկելու հերթական փորձն է ինչպիսին էր, ըստ նրա, Մյուլերի հետաքննությունն ու Ռուսաստանի ներգրավվածության մասին գործը:
Սակայն չնայած հանրապետականների հակազդմանը՝ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց իմպիչմենտի գոերծընթացի սկսման օգտին՝ այսպիսով նոր էջ բացելով կողմերի միջև քաղաքական պայքարում:
«Այս ուղղությամբ գործողությունների մի մասի նպատակն է անցում կատարել հաջորդ էլ ավելի հանրային փուլի, ուր սակայն, հանրապետականներն ավելի կաշկանդված կլինեն՝ հակազդելու իմպիչմենտի գործընթացին»,- նշում է Բրուքինգս հաստատության վերլուծաբան Ջոն Հուդակը:
Վերլուծաբանների կարծիքով այս գործընթացը, կտևի երկար ժամանակ:
«Ներկայացուցիչների պալատում այն թերեւս կտեւի մի քանի ամիս: Եթե նույնիսկ Սենատում մեծամասնության ղեկավարը համաձայնի իմպիչմենտի գործընթացի մեկնարկին, ապա այնտեղ ևս այն կտևի մեկ կամ երկու ամիս»,- նշել է Bipartisan Policy կենտրոնից Ջոն Ֆորթիերին:
Ներկայցուցիչների պալատում իմպիչմենտի հարցով քվեարկությունը կնշանակի ուղիղ մեղադրանք նախագահին: Կողմ քվեարկության դեպքում այն կտեղափոխվի Սենատ, որտեղ պետք է որոշվի հեռացնել նախագահին, թե ոչ: Իմպիչմենտի վերաբերյալ հանրային լսումները կսկսվեն արդեն այս ամսում: