ԱՄՆ-ի կոնգրեսականին Ղարաբաղը Ֆրանսիան հիշեցրեց

«Արցախն այնքան գեղեցիկ եւ հրապուրիչ է, նրա հրաշալի բնությունը, սիրալիր մարդիկ ու աննման գինին ինձ հիշեցրին Ֆրանսիայի հարավային շրջանները», - ԱՄՆ-ի կոնգրեսական Ջուդի Չուն դեռ գտնվում էր Լեռնային Ղարաբաղ կատարած այցի տպավորության ներքո, երբ ելույթ էր ունենում Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի շենքում կազմակերպված երեկոյին, որի հատուկ հյուրն էր Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մաիլյանը: Կոնգրեսականի խոսքով, Ղարաբաղում մարդկանց հետ շփվելիս, ինքը ավելի լավ գիտակցեց տեղի բնակչության անվտանգության ապահովման կարեւորությունը:

Կոնգրեսական Ֆրանք Փալլոնը, ով նույնպես վերջերս էր Լեռնային Ղարաբաղ այցելել, նշեց, որ տպավորված է վերջին երկու տասնամյակների ընթացքում այնտեղ գրանցված ձեռքբերումներով.

«Հիշում եմ, շուրջ 20 տարի առաջ էի այնտեղ այցելել, պատերազմը նոր էր ավարտվել, վիճակը շատ ծանր էր: Այս անգամ Ստեփանակերտում ես բազմաթիվ նոր շենքեր եւ խորը լավատեսություն տեսա»:

Կոնգրեսականների խոսքով, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում մի շարք նախաձեռնություններ են ընդունվել, որոնց նպատակն է հնարավորին չափ նպաստել խաղաղությանը տարածաշրջանում: Դրանք մասնավորապես կոնգրեսական Քոքսի օրինագիծն է, որը նախատեսում է հավելյալ միջոցներ ԱՄՆ-ի բյուջեից Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքները շարունակելու համար եւ կոնգրեսական Չուի օրենքի նախագիծը, որը նախատեսում է Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում ԱՄՆ-ի կողմից ձեռքբերված կրակորսիչ սարքերի տեղադրում: Կոնգրեսական Բրադ Շերմանի օրինագիծն իր հերթին նախատեսում է արգելել Միացյալ Նահանգների կառավարությանն Ադրբեջանին տրամադրել որեւէ զինամթերք կամ սարքավորումներ, որոնք կարող են օգտագործվել ղարաբաղյան տարածքում քաղաքացիական ավիացիայի դեմ:

Իր կողմից Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մաիլյանը նշեց, որ իրենց համար գոյության լրջագույն վտանգ է մնում Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը.

«Պաշտոնական Բաքուն շարունակում է անարգել միջազգային օրենքը, մերժել տարածաշրջանային անվտանգության մեխանիզմները եւ չի ցանկանում հարգել մարդու հիմնարար իրավունքները»:

Մաիլյանի հետ համաձայն չէին Ներկայացուցիչների պալատի դեմ բողոքի ակցիա կազմակերպած շուրջ երկու տասնյակ ադրբեջանցիները, որոնք վեճի էին բռնվել Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արամ Համբարյանի հետ.

«Երբեք Արցախ չի լինելու: Ադրբեջանի ո՛չ երիտասարդ ո՛չ ավագ սերունդը երբեք չի համակերպվի այդ օկուպացիայի հետ: Այդ հողն Ադրբեջանին է պատկանում, իսկ օկուպացիոն բանակը պետք է հեռանա: Մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք լավ հարեւաններ լինել, սակայն, եթե Հայաստանը չվերադարձնի մեր հողերը, մենք դրանք ինքներս կվերադարձնենք», - ասում էին ադրբեջանցի ցուցարարները:

Նշենք, որ ըստ պաշտոնական Բաքվի, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը ամերիկյան կողմին բողոք է ներկայացրել Մասիս Մաիլյանին կոնգրեսականների կողմից Ներկայացուցիչների պալատի շենքում ընդունելու փաստի դեմ: Նշենք նաեւ, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Մինչ շենքում շարունակվում էր միջոցառումը, դրսում ադրբեջանցի ցուցարարները փորձում էին անցորդներին ներկայացնել իրենց դիրքորոշումը.

«Ղարաբաղը միշտ պատկանել է Ադրբեջանին եւ միշտ պատկանելու է: Անմիջապես հեռացեք Ադրբեջանի տարածքից, սա կեղծ պետություն է, որը պետք է վերացվի»:

Իր ելույթում Մասիս Մաիլյանը շնորհակալություն հայտնեց Միացյալ Նահանգներին աջակցություն եւ օգնություն ցուցաբերելու համար.

«Մենք շատ բարձր ենք գնահատում հումանիտար օգնությունը, որը ԱՄՆ-ի քաղաքացիները եւ իշխանությունները հատկացրել են Արցախին: Մենք նաեւ շնորհակալ ենք այն միջնորդական աշխատանքների համար, որը Միացյալ Նահանգներն իրականացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», ասաց Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը: