Համաշխարհային բանկը վերահաստատում է Doing Business 2020 զեկույցի Հայաստանի տվյալները

Համաշխարհային բանկի Doing Business 2020 զեկույցը Հայաստանի մասով որեւէ անճշտություն չի պարունակում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասել է Համաշխարհային բանկի մասնավոր ոլորտի զարգացման ավագ մասնագետ Վալենտինա Սալթայնը, մեկնաբանելով Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հայտարարությունը, թե զեկույցի վարկանիշային աղյուսակում որոշակի սխալ է թույլ տրվել, որը շտկվելու դեպքում Հայաստանը վարկանիշային աղյուսակում կզբաղեցնի 37-րդ հորիզոնականը, ներկա 47-րդի փոխարեն.

«Մեր տեսակետից, որեւէ անճշտություն կամ սխալ Հայաստանի մասով չկա: Այս տարի մենք պարզապես փոքր-ինչ վերանայեցինք եւ վերափոխեցինք փոքր չափաբաժին ունեցող ներդրողների պաշտպանվածության ցուցանիշների գնահատականը: Որեւէ նոր տարր չենք ավելացրել, պարզապես, շտկումներ ենք մտցրել»:

Մասնավորապես, Սալթայնի խոսքով, փոքր չափաբաժին ունեցող ներդրողների պաշտպանվածության համար հավելյալ միավորներ ստանալու համար երկրին անհրաժեշտ է ունենալ ֆոնդային շուկայում ձայնի իրավունք ընձեռող բաժնետոմսեր վաճառող առնվազն 10 մասնավոր ընկերություն, մինչդեռ, Հայաստանի ֆոնդային շուկայում առկա է միայն 7 նման ընկերություն, որոնցից մասնավոր են միայն երեքը:

«Դա այն չէ, ինչ կառավարությունը կարող է հեշտությամբ անել ինքնուրույն: Այն անշուշտ չի կարող այլ ընկերություններին ստիպել ֆոնդային շուկա դուրս գալ: Դա մի բան է, որ պետք է բնական կերպով տեղի ունենալ, իսկ կառավարությունը կարող է դրա համար պայմաններ ստեղծել օրենքներ ընդունելով», - նշում է Համաշխարհային բանկի ներկայացուցիչը:

Վալենտինա Սալթայնը միաժամանակ մատնանշեց Հայաստանի կողմից անցած տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումների մասին, որոնք ուղղված է բիզնեսի իրականացման համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Դա շինարարության իրավունքի ստացման գործընթացի բարելավումն է, հարկային ոլորտի բարեփոխումներն ու միջսահմանային առեւտրի հայտարարագրերի թվայնացումը.

«Ընդհանուր առմամբ, Հայաստանը շատ հաջող է գործում: Որոշ ոլորտներում առկա հարցերը կապված են հիմնականում օրենսդրական փոփոխությունների հետ եւ այդ փոփոխությունների ազդեցությունը զգալու համար ժամանակ է անհրաժեշտ»:

Հայաստանի անմիջական չորս հարեւաններից երեքը՝ Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան, բիզնեսի իրականացման դյուրինության չափանիշներով Հայաստանից ավելի լավ վիճակում են, մինչդեռ Իրանը զբաղեցնում է 127-րդ հորիզոնականը:

Բիզնեսի դյուրինության տեսանկյունից 2020 թվականին Համաշխարհային բանկն առաջատար է ճանաչել Նոր Զելանդիային, Սինգապուրին ու Հոնկոնգին: Առավել վատ է վիճակը Վենեսուելայում, Էրիթրեայում եւ Սոմալիում: