Գնահատականներ՝ Թուրքիայի ներխուժման շուրջ

ԱՄՆ ու Թուրքիայի հարաբերությունները ծայրաստիճան լարվեցին Թուրքիայի կողմից Սիրիա նեխուժելուց հետո: Նախագահ Թրամփը սպառնաց պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ: Փորձագիտական շրջանակները քննարկում են այս հարցի շուրջ ընթացող զարգացումները

Թուրքիան և Միացյալ Նահանգները համաձայնության եկան Հյուսիսային Սիրիայում ժամանակավոր զինադադարի հարցում, սակայն մեկ շաբաթից ավել տևած ռազմական գործողությունները էլ ավելի խորացրեցին դաշնակիցների միջև անհամաձայնությունները: Ռազմական գործողությունից մեկ օր առաջ նախագահ Էրդողանին հասցեագրված նամակում ԱՄՆ նախագահ Թրամփը հանդես եկավ Անկարայի ու քրդական ուժերի միջև միջնորդության առաջարկով ՝ հակառակ պարագայում սպառնալով տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

Այս առաջարկն ակնհայտորեն մերժվեց թուրքական կողմից: Պատժամիջոցների սպառնալիքը չի ստիպի Թուրքիային հետ կանգնել իր նպատակներից, ասում է Վաշինգտոնում գործող թուրքական SETA հիմնադրամի գործադիր տնօրեն Կադիր Ուստունը: Հիմնադրամն աչքի է ընկել սերտ կապերով նախագահ Էրդողանի՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ:

«Թուրքիայի առաջնահերթությունն է, որ Ժողովրդական ինքնապաշտպանության զորամիավորումը (YPG) հեռանա և չվերահսկի որևէ տարածք Հյուսիսային Սիրիայում, քանի որ Թուրքիան դիտարկում է այն որպես անմիջական սպառնալիք և Քրդական աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղ»,- ասում է Վաշինգտոնում գործող թուրքական SETA հիմնադրամի գործադիր տնօրեն Կադիր Ուստումը:

Այսօր Թուրքիան այլևս չի դիտարկում Սիրիայում Ասադի ռեժիմի հեռացումը որպես իր ամենամեծ առաջնահերթություն:

«Թուրքիայի համար ցանկալի է անգամ, որ այդ տարածքների վերահսկողությունը իրականացնի Ասադի ռեժիմը, այլ ոչ թե Ժողովրդական ինքնապաշտպանության զորամիավորումը ու Քրդական աշխատավորական կուսակցությունը, սակայն եթե վերջիններս շարունակեն վերահսկողություն իրականացել այնտեղ՝ ներկայանալով որպես Ասադի ռեժիմի մաս, ապա դա ևս անընդունելի է Թուրքիայի համար»,- ասում է թուրք վերլուծաբանը:

Ուստունը պնդում է ՝ թուրքական ուժերի գործողությունները ուղղված չեն քուրդ ժողովրդի դեմ, իսկ հիմնական ուղղությունները չեն ընդգրկում քրդական Քոբանի և Քամիշլի բնակավայրերը, ուր հիշեցնենք՝ առկա է նաև հայ ազգաբնակչություն:

Սակայն «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության ներկայացուցիչ Սառա Բասսիլը այլ կարծիքին է՝ նշելով, որ իրենց աղբյուրները պնդում են հակառակը:

«Կան տեսագրություններ այդ ուղղությամբ հարձակումների մասին, ուր հարձակման են ենթարկվել եկեղեցիներ և ենթակառուցվածքներ: Մամուլը դրա մասին շատ չի հաղորդում, բայց մենք ունենք տեսանյութեր և զրուցել ենք այնտեղ շատ մարդկանց հետ: Հարձակումներն այնտեղ տեղի են ունենում, և դա է իրականությունը»,- նշում է Բասսիլը:

Վերջինս վստահ է՝ Թուրքիային չի հաջողվել ամբողջապես իրականացնել իր նպատակները և վերահսկողության տակ առնել ողջ Հյուսիսային Սիրիան ի շնորհիվ ԱՄՆ ճնշումների: Նա դրական է գնահատում նախագահ Թրամփի՝ Թուրքիային ուղղված սպառնալիքը՝ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ:

«Մենք ուրախ ենք, որ նախագահ Թրամփը հստակ սահմանեց, որ պատժամիջոցները կկիրառվեն: Նախագահը կարգադրեց ֆինանսների նախարարությանը պատժամիջոցներ սահմանել թուրքական կառավարության հետ առնչվող բանկերի նկատմամբ»,- նշում է Բասսիլը:

Թուրքիայի ներխուժումը Սիրիա դատապարտում են նաև ամերիկահայ կառույցները: Ըստ Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի՝ այսօր ամերիկյան քաղաքական դաշտում նկատվում է ընդհանուր համաձայնություն՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

«Սպիտակ տան և Կոնգրեսի կոշտ դիրքրոշումները Թուրքիայի կողմից Հյուսիսային Սիրիա ներխուժելու վերաբերյալ ակնհայտ ցույց են տալիս, որ Ռեջեփ Էրդողանը լուրջ չի վերաբերվի Միացյալ Նահանգներին, քանի դեռ մենք հետևում ենք նրա պահանջին՝ Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու վերաբերյալ»,- ընդգծում է Վաշինգտոնում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը: