Միացյալ Նահանգները պատրաստվում է անհրաժեշտության դեպքում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արեւելյան հատվածում անցկացվող գործողություններում ներգրավված բոլոր թուրք պաշտոնյաների նկատմամբ, ովքեր քաղաքացիական անձանց կյանքը վտանգի տակ կդնեն, ուրբաթ Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը.
«Նախագահն այսօր գործադիր հրաման է ստորագրել, որը Ֆինանսների նախարարությանը թույլ կտա ծանրագույն նոր պատժամիջոցներ ընդունել Թուրքիայի կառավարության կամ դրա հետ կապված ցանկացած անձի նկատմամբ: Նախագահը մտահոգված է ընթացող ռազմական գրոհով, որը հնարավոր է սպառնա քաղաքացիական անձանց, էթնիկ կամ կրոնական փոքրամասնություններին»:
Մնուչինի խոսքով, անհրաժեշտության դեպքում Միացյալ Նահանգները «կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տնտեսությանը»:
Նախագահ Թրամփը, ում մեղադրում են դաշնակից քրդերին լքելու մեջ, վերահաստատեց դիրքորոշումը.
«Ընտրությունը հետեւյալն է՝ զորքեր մտցնել եւ բոլորին կրկին հաղթել կամ ֆինանսական միջոցներով ուժեղ քաղաքականություն վարել: Մենք կարող ենք նաեւ միջնորդի դեր ստանձնել»:
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը Թրամփի որոշումն անպատասխանատու է բնորոշում:
«Նախագահը սպառնացել էր «ամբողջությամբ ոչնչացնել» Թուրքիայի տնտեսությունը, եթե նրանք անցնեն սահմանափակումները: Սպառնալիքը որեւէ ազդեցություն սակայն չունեցավ եւ նախագահն ինքը մոռացել է արդեն դրա մասին», - նշում է Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը:
Իրավիճակի հետ կապված իր մտահոգությունն է հայտնել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, ում կարծիքով, ռազմական գործողությունները լուրջ վտանգներ են պարունակում:
Թուրքական կողմն իր հերթին պնդում է, որ Անկարայի նպատակը ոչ թե քրդերին այդ տարածքներից հանելն է այլ՝ ահաբեկչության դեմ պայքարը:
«Մեզ չի հետաքրքրում, թե ինչ ազգության կամ հավատքին է պատկանում այդ ահաբեկչական կազմակերպությունը, պարզապես վերացնում ենք վտանգը Թուրքիայի համար», - նշում է Բահչեսեհիրի համալսարանի պրոֆեսոր Բուրաք Քունթայը:
Թուրքիայի հետ համաձայն չեն սակայն քրիստոնյաների իրավունքներով զբաղվող կազմակերպությունները: Վաշինգտոնում գտնվող «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության ներկայացուցիչ Փիթեր Բըրնսի խոսքով, նրանք տեղեկություններ ունեն, որ թուրքական կողմն օգտագործում է նաեւ իսլամիստական որոշ ուժեր Սիրիայի սահմանային շրջաններում իր գործողություններում, որոնք լուրջ սպառնալիք են տեղի խոցելի քրիստոնյա համայնքների համար.
«Մենք հայտնում ենք ԱՄՆ-ի վարչակազմին, որ արդեն իսկ տեսնում ենք, ինչպես են հատուկ թիրախավորվում քրիստոնյա համայնքները եւ կոչ ենք անում անհապաղ գործողություններ ձեռնարկել»:
Սիրիայի հայ ավետարանչական համայնքի համայնքապետ Հարություն Սելիմյանը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է, որ Թուրքիայի գործողություններն արդեն իսկ վտանգել են մի քանի տասնյակ հայ ընտանիքների կյանքը.
«Այդ շրջաններում մենք ունենք բավական մեծ, տասնամյակներ առաջ, Ցեղասպանությունից հետո հաստատված հայեր: Դժբախտաբար, այսօր կրկին երկրորդ Սփյուռք են դառնում»: